Լրահոս

2022-10-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ նախագահին և անդամներին աշխատավարձի կեսի չափով հավելում կտրամադրվի. նոր նախագիծ
    Hetq.am-ը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահին և անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելում տրամադրել։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ԲԴԽ անդամի վարձատրության չափը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից, սակայն քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրվում է աշխատավարձի կեսի չափով հավելում, ուստի ստացվում է, որ նրանց վարձատրության չափը գերազանցում է ԲԴԽ անդամների վարձատրությունը։ Օրենքի հենց այս բացը լրացնելու համար արդարադատության նախարարությունն առաջարկում է ԲԴԽ անդամներին ևս աշխատավարձի կեսի չափով հավելում տրամադրել։ ԲԴԽ նախագահի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, իսկ անդամներինը՝ 12։ Նրանց ամսական աշխատավարձը հաշվարկելիս պաշտոնային գործակիցը բազմապատկվում է բազային աշխատավարձով։ 2023 թվականից բազային աշխատավարձը սահմանվելու է 83 200 դրամ։ Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 16=1 331 200) 50 տոկոսը կազմում է 665 600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665 600 x 12=7 987 200 դրամ)։ ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499 200 դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499 200 x 12=5 990 400 ՀՀ դրամ): Արդյունքում, ԲԴԽ նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61 900 800 դրամ (53 913 600+7 987 200) մեկ տարվա կտրվածքով: Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից»։
    17:40
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՊՆ-ն հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը
    ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»:
    17:35
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ. Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրառում է արել՝ ներկայացնելով․ « ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ ելույթի ընթացքում նա, ընդհատելով իմ ելույթը, ձայնի իրավունք տվեց ադրբեջանցի պատգամավորին՝ ով փորձեց ասել, թե ես իրավունք չունեմ խոսել հակամարտության մասին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս: Տեղեկացնեմ նաև, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը: Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով: Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը. «Տիկնայք և պարոնայք, Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել: Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։ ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ: Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում: Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին: Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով: Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ: Շնորհակալություն:»
    17:30
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Քայքայվող ընթացքը» կասեցնելու համար Ղազինյանը նոր շարժում է սկսում
    «Համահայկական կոնսիլիում» անունով նոր շարժում է սկսում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա այսօր հայտնել է, որ իր կոնսիլիումը երկու ամիս է՝ գործում է, բայց դեռ իրավաբանական գրացում չունի: Ղազինյանը չի բացահայտում, թե ովքեր են իր թիմակիցները, բայց խոստանում է՝ անելու են ամեն ինչ երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու համար:
    17:22
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հանդիպել են Թուրքիայի և Հունաստանի պաշտպանության նախարարները
    Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկկողմ հանդիպումներ է անցկացնում ՆԱՏՕ-ի (NATO) բրյուսելյան կենտրոնակայանում, որտեղ նա մեկնել է մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս շրջանակներում Հուլուսի Աքարը հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ։ Կողմերը քննարկել եմ տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցեր։ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Աքարը հանդիպել է նաև այլ երկրների իր գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտի հետ։ Իր հանդիպումներում Աքարը շարունակ ընդգծել է, որ Թուրքիան, որն ավելի քան 70 տարի ՆԱՏՕ-ի անդամ է, ունի 2-րդ խոշոր բանակը և մեծապես նպաստել է եվրատլանտյան դաշինքի անվտանգությանը։ Մինչդեռ Թուրքիայի նկատմամբ կիրառվով արտահանման սահմանափակումները, ըստ նրա, թուլացրել են եվրատլանտյան անվտանգությունը։ Վերհիշյալ հանդիպումների ընթացքում սեղանին են դրվել նաև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությանն առնչվող բազմազան հարցեր։ Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ. փետրվարի 18-ին` այդ դաշինքի ստեղծումից ընդամենը 3 տարի անց։
    17:15
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել ԼՂՀ-ն ․ Մանուկյանը հակադարձել է ադրբեջանցուն
    Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 59-րդ հեռավար նիստին: «ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետեւանքները» զեկույցի քննարկման ընթացքում Գեղամ Մանուկյանը պահանջել է վերականգնել դրա նախագծում ՀՀ-ի առաջարկած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին վերաբերող պարբերությունը, որը զեկույցի հեղինակ, ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ: Հայ եւ ադրբեջանցի պատգամավորների միջեւ ծավալված բուռն բանավեճի ընթացքում Գեղամ Մանուկյանը բարձրաձայնել է ինչպես 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական օկուպացիայի փաստերը, այնպես էլ խոսել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ՀՀ տարածքում հազարավոր ներքին տեղահանվածների, ՀՀ սուվերեն տարածքների բռնագրավման մասին: ԱԺ պատգամավորը կտրուկ հակադարձել է ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե այլեւս Լեռնային Ղարաբաղի հակամարտություն եւ արցախահայության ինքորոշման հարց գոյություն չունի, եւ այն չի քննարկվում Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ընթացքում: Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում եւ սպառված չէ: Նա պարզաբանել է, որ վերջերս շրջանառվող 1991 թ. դեկտեմբերի 8-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումով, ու ամրագրել, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարմանը: «Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
    17:09
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին
    ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հոկտեմբերի 14-ին հայտարարել Է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման առաջընթացի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մոտենում ենք Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը. կայանում իրադրությունն անընդունելի Է, եւ անհրաժեշտ Է, որպեսզի մենք շուտափույթ միջոցներ ձեռնարկենք ԱԷԿ-ը պաշտպանելու համար»,-Գրոսին ուրբաթ օրը գրել Է Twitter-ում: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նշել Է, որ ռուսական եւ ուկրաինական կողմերի հետ ինտենսիվ կոնսուլտացիաների շաբաթից հետո ինքը ժամանել Է Լեհաստան: Գրոսին անցած շաբաթ այցելել Է Կիեւ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ կոնսուլտացիաների համար: Անցած երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, Գրոսին Պետերբուրգում հանդիպում Է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զապորոժիեի ԱԷԿ-ն ամենախոշոր ատոմակայանն Է Եվրոպայում, ունի վեց Էներգաբլոկ: 2022 թվականի փետրվարի 28-ից Զապորոժիեի ԱԷԿ-ը վերահսկվում Է ռուսական բանակի կողմից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    17:07
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինդոնեզիան COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում է պահանջել G20-ի գագաթնաժողովի մասնակիցներից
    Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը G20-ի գագաթնաժողովի բոլոր մասնակիցներից պահանջում Է մինչեւ նոյեմբերի 15-16-ը գագաթնաժողով ժամանելը վկայագրեր նախապատրաստել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հաղորդել Է ANTARA գործակալությունը: «Մենք յուրաքանչյուր երկրին տեղեկացրել ենք բոլոր մասնակիցների համար COVID-19-ի դեմ լրիվ պատվաստման վերաբերյալ հավաստագրեր նախապատրաստելու անհրաժեշտության մասին»,-Ինդոնեզիայի առողջապահության նախարարության սանիտարական հսկողության եւ կարանտինի հարցերով տնօրեն Ահմադ Ֆարչանին՝ հանդես գալով վիրտուալ մամուլի ասուլիսում: «Միջազգային մակարդակով համաձայնեցվել Է, որ լրիվ պատվաստումը նշանակում Է երկու չափաբաժնի ընդունում»,-պարզաբանել Է նա: Ֆարչանին նշել Է, որ պատվաստումների մասին լրիվ հավաստագրերը պետք Է մասնակիցների կողմից հատուկ հավելվածների միջոցով ներբեռնվեն Ինդոնեզիա ուղեւորվելուց 14 օր առաջ: Սակայն VIP պատվիրակների համար, ինչպիսիք պետությունների ու կառավարությունների ղեկավարներն են, բացառություն Է արվել. նրանց կթույլատրվի պատվաստումների մասին իրենց հավաստագրերն ուղարկել կոմիտեի Էլեկտրոնային փոստի հասցեով: G20-ի գագաթնաժողովը պետք Է տեղի ունենա ինդոնեզական Բալի կղզում, նոյեմբերի 15-16-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    17:00
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ռուսներն Ալեն Սիմոնյանին ասել են՝ «մենք կակտիվանանք»
    «Մենք կակտիվանանք»,- ասել են ռուս գործընկերները Հայաստանի խորհրդարանի նախագահին Ռուսաստան պաշտոնական այցի ժամանակ: Թե երբ են ռուսները պատրաստվում ակտիվանալ Հարավային Կովկասում, չեն ասել Սիմոնյանին: Բայց հարցրել են, թե ինչո՞ւ է Սիմոնյանը մինչև Մոսկվա մեկնելը քննադատել ՀԱՊԿ աշխատանքը:
    16:52
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էրդողանը՝ Փաշինյանի հետ հանդիպման և «Զանգեզուրի միջանցքի» մասին
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աստանայից Անկարա վերադառնալիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ բազմաթիվ այլ հարցերի շարքում նա պատասխանել է նաև ՀՀ վարչապետ հետ հանդիպմանը և «Զանգեզուրի միջանցքի» թեման վերաբերող հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանի այդ դրվագը։ Լրագրող – Ինչպես գիտենք, «Զանգեզուրի միջանցքի» հարցում դեռ կան խնդիրներ։ Ինչ եք կարծո՞ւմ, Պրահայում եղած Ձեր հանդիպումից հետո Փաշինյանը կկարողանա՞ համոզել իր հասարակությանն այս հարցում: Եվ երկրորդ՝ Պրահայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Էրդողան – Այնտեղ նեղ կազմով հանդիպում ունեցանք: Այնտեղ էին Փաշինյանը, նաև պարոն Իլհամը, Հունգարիայի վարչապետ Օրբանը: Դրանից հետո էլ, իհարկե, պատվիրակություններով հանդիպեցինք և, բնականաբար, քննարկեցինք այս հարցերը։ Բայց ես «Զանգեզուրի միջանցքի» հարցում որևէ խնդիր չեմ տեսնում»: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև Միջին միջանցքի թեմային Ստամբուլի ջրանցքի կառուցման համատեքստում:
    16:45
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ. Կալաձեն՝ այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին
    Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։ Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։ «Ուզում եմ ցավակցությունս հայտնել մահացած աղջնակի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Ես լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է իրավիճակը։ Սարսափելի դեպք է տեղի ունեցել․․․»,- ասել է Կալաձեն։ Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական ​​շնչառության սարքին: Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել: Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները: Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։
    16:37
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի տարածքում թաղված ադրբեջանցիների գերեզմանների քարտեզները Երևանը հանձնել է Բաքվին
    Նիկոլ Փաշինյանն այսօր Աստանայում հայտնել է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մահացած ու Արցախի տարածքում թաղված ադրբեջանցիների գերեզմանների քարտեզներ է Երևանը հանձնել Բաքվին: Սակայն պատասխան քայլ Ադրբեջանից չի ստացել, չնայած պայմանավորվածությանը: Ըստ Փաշինյանի՝ արցախյան երկու պատերազմների ժամանակ հայկական կողմը 777 անհետ կորած ունի:
    16:30
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. ՀՀ ԱԳՆ
    Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Հարց. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում: Ինչպես կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությունը: Պատասխան. Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Հնչել են տարբեր առաջարկներ՝ այդ թվում սահմանը դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները։
    16:22
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
    ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-ն որոշման առաջին հավելվածով հաստատված «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ»-ի գործարկման պահանջների համաձայն՝ էլեկտրոնային եղանակով ՀՀ ոստիկանություն ներկայացվող դիմումները (բողոքները) անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» (e-reguest.am) կայքի միջոցով։
    16:15
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն մնաց միայնակ. Սիսիանի ավագանու ընդդիմադիր թևը վայր դրեց մանդատները
    Սիսիանի «Աշխատանք և արդարություն» դաշինքի և «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնմորդները հանդես են եկել հայտարարությամբ. «Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ, սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։ Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։ Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։ Չստացանք․․․ Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»։ Սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններից հետո Սիսիան համայնքում խնդրահարույց իրավիճակ էր։ Ընտրողների 51 տոկոսը չէր ստացել որեւէ ուժ եւ համայնքի ղեկավար պիտի ընտրվեր ավագանու կազմից։ 21 մանդատներից 8-ը՝«Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» ու « Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ «Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարեց, որ վայր են դնում մանդատները։
    16:11
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Թաթոյան» հիմնադրամն ու Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտը ստորագրել են հուշագիր
    Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանն ու Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համանախագահներ Վիկտորիա Մասսիմինոն և Էլիսա ֆոն Յոդեն-Ֆորգին կնքել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակներից է ցեղասպանությունների կանխարգելումն է ու վերականգնողական արդարադատության խթանումը։ Հուշագրի շրջանակներում կտարվեն համատեղ փաստահավաք աշխատանքներ, կիրականացվի համագործակցույթուն մարդու իրավունքների պաշտպանության, զեկույցների պատրաստման և հետազոտական այլ աշխատանքների հարցում։ Տեղի կունենան միջոցառումներ` կոնֆերանսներ, աշխատակիցների կարողությունների զարգացում, աշխատաժողովներ, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ համաշխարհային իրազեկության բարձրացմանը։ Նախատեսվում է, որ միջազգային հարթակներում ևս կիրականացվի համատեղ աշխատանք՝ նպաստելու համար մարդու իրավունքների խախտումների և միջազգային հանցագործությունների համար պատասխանատվությանը՝ միջազգային, այդ թվում` մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքներին համապատասխան:
    16:08
    14.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «ՀԱՊԿ-ն ու ԱՊՀ-ն ճանաչո՞ւմ են ԱՊՀ երկրների պետական սահմանները». Փաշինյանի «կարևոր հարցը»
    «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991 թվականին հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթուղթ»: ԱՊՀ գագաթնաժողովում գործընկերներին հարցրել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանն այս հարցը կարևոր է համարում, քանի որ ՀԱՊԿ-ը հայտարարել էր, որ գծված չեն հայ-ադրբեջանական սահմանները և չի կարող առաքելություն ուղարկել այնտեղ:
    16:07
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր
    Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: Նա ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից: «Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:
    16:00
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևն փաստացի Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով
    Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում ՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այդ մասին հայտարարել Է Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ գագաթնաժողովում։ «Այսպես՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից։ Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն նույնպես անսահման չէ։ Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարեւոր կետերը չկատարվեն, մեզ մոտ ոչ մի այլ ընտրություն չի մնա․ մենք կգործենք լ ադեկվատ կերպով», - հայտարարել է Ալիեւը։
    15:54
    14.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայությունից ազատելու, քրգործ կարճելու համար ՔԿ պաշտոնյան խոշոր չափի կաշառքներ է վերցրել
    Կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի կողմից համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, բացահայտվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեից ստացված տվյալների հիման վրա ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ.Ա-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթով նախաքննության ընթացքում խարդախության մեջ մեղադրվող ամուսիններ Ա.Հ-ի և Ա. Ջ-ի օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես` նրանց քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու համար 2021 թվականի սեպտեմբերի 23-ից հետո Գ.Մ-ի օժանդակությամբ մաս-մաս պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 24.738.798 ՀՀ դրամին համարժեք 60.900 ԱՄՆ դոլար կաշառք: Նույն միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ Վ.Ա-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Կ.Խ-ի թոռան օգտին գործողություններ կատարելու, այն է` պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 2.031.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար կաշառք: Պարզվել է նաև, որ 2022 թվականի հուլիսի 22-ին Մասիս-Այնթապ ավտոճանապարհին նույն գործով մեղադրյալ Ա.Հ-ի վարած ավտոմեքենայով կատարված մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա-ն, ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունը, կաշառք-գումարի դիմաց միջամտել է նախաքննությանը, որի արդյունքում Ա.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, այն է՝ խաթարվել է արդարադատության շահը: Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համակարգված քննչական գործողությունների արդյունքում Վ. Ա-ն, Ա. Հ-ն, Ա. Ջ-ն, Կ. Խ-ն և Գ. Մ-ն բերման են ենթարկվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:
    15:53
    14.10.22
    Ավելին