Լրահոս
Քաղաքական
17:09
14.10.22
117

Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել ԼՂՀ-ն ․ Մանուկյանը հակադարձել է ադրբեջանցուն

Img default alt hy

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է  ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 59-րդ հեռավար նիստին:

«ՍԾՏՀԿ անդամ պետություններում փախստականների հոսքի պատճառով առաջացած ճգնաժամի սոցիալական հետևանքները» զեկույցի քննարկման ընթացքում Գեղամ Մանուկյանը պահանջել է վերականգնել դրա նախագծում ՀՀ-ի առաջարկած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականներին վերաբերող պարբերությունը, որը զեկույցի հեղինակ, ադրբեջանական պատվիրակության անդամը հեռացրել էր Թուրքիայի առաջարկությամբ: Հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև ծավալված բուռն բանավեճի ընթացքում Գեղամ Մանուկյանը բարձրաձայնել է ինչպես 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի փաստերը, այնպես էլ խոսել է 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով ՀՀ տարածքում հազարավոր ներքին տեղահանվածների, ՀՀ սուվերեն տարածքների բռնագրավման մասին:

ԱԺ պատգամավորը կտրուկ հակադարձել է ադրբեջանական կողմի այն պնդմանը, թե այլևս Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և արցախահայության ինքորոշման հարց գոյություն չունի, և այն չի քննարկվում Փաշինյան-Ալիև հանդիպումների ընթացքում: Գեղամ Մանուկյանը շեշտել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը մնում է օրակարգում և սպառված չէ: Նա պարզաբանել է, որ վերջերս շրջանառվող 1991 թ. դեկտեմբերի 8-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրել է վերապահումով, ու ամրագրել, որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում ազգերի ինքնորոշման իրավունքից հրաժարմանը: «Ալմա-Աթայի հռչակագրին Ադրբեջանը միացել է, երբ արդեն հռչակված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: