Լրահոս
Աշխարհ
16:37
14.10.22
122

Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ. Կալաձեն՝ այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին

Img default alt hy

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոսելով Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությանն մասին՝ ասել է, որ, եթե ինքն ինչ-որ մեղավորություն ունի, ապա պատրաստ է պատասխան տալ օրենքի առաջ:

«Aliq.ge»-ի փոխանցմամբ՝ Կալաձեն նշել է, որ կլինիկայում գտնվող մյուս դեռահասի վիճակը կայուն է։

Ըստ Կալաձեի, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, և հանցագործության մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև։

«Ուզում եմ ցավակցությունս հայտնել մահացած աղջնակի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Ես լավ եմ պատկերացնում, թե որքան բարդ է իրավիճակը։ Սարսափելի դեպք է տեղի ունեցել․․․»,- ասել է Կալաձեն։

Նշենք, որ երեկ առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է: «Նյու Հոսփիթլս»-ի մանկական առողջության կենտրոնի ղեկավար Դավիթ Ցիբաձեի խոսքով՝ Վակեի այգում հոսանքահարումից տուժած երեխաներից մեկը դեռ միացված է արհեստական ​​շնչառության սարքին:

Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:

Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:

Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Ըստ մրցութային փաստաթղթերի՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։