Լրահոս
Հասարակական
14:39
02.02.22
124

Միրզոյանը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ

Img default alt hy

Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ։ Այսօր այս հայտարարությունն արել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ավստրիացի գործընկեր Ալեքսանդր Շալենբերգի հետ հանդիպումից հետո Երևանում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը միակ միջազգային ձևաչափն է, որն օժտված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման մանդատով։

«Լուծում դեռևս չի գտնվել, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափով։ Կարգավորման հասնելու ուղիներից մեկը խաղաղության համընդհանուր պայմանագրի պարամետրերի հստակեցումն է, մշակումն ու կնքումը»,- ընդգծել է Միրզոյանը։

Նա նշել է, որ կարևոր է հիշել համանախագահների մշակած կարգավորման սկզբունքների, մասնավորապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

«Սկզբունքներից մեկը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։ Մյուս սկզբունքը՝ ուժի չկիրառման սկզբունքը, 2020թ. կոպտորեն խախտվեց։ Ոչ միայն Հայաստանը և Արցախը, ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ մնո՞ւմ է արդյոք այդ սկզբունքը օրակարգում, թե՞ պետությունները կարող են ուժով լուծել ժողովուրդների ճակատագրերը։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, ուրեմն, մյուսների համար էլ նման դուռ է բացվում»,- ասել է Միրզոյանը։