Լրահոս
Քաղաքական
19:42
17.01.23
85

Միրզոևան միջազգային հանրությանը կոչ արեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Img default alt hy

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Արցախում շրջափակված են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ. ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ ազգությամբ ասորի պատգամավորը միջազգային կառույցներին և առանցքային դերակատարում ունեցող երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ:

Զեմֆիրա Միրզոևան այս մասին հայտարարեց ԱԺ հունվարի 17-ի նիստում հայտարարությունների ժամին:

Պատգամավորն ընդգծեց, որ արդեն 36 օր է՝ արցախցիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, դիմակայում են իրենց դեմ իրականացվող հակամարդկային գործողությունների:

«Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքն ավելի ցինիկ դիմագիծ է ձեռք բերել, քանի որ մարդկության դեմ հանցագործություն կատարողները թաքնվում են «բնապահպանների» դիմակի տակ: Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը հումանիտար լրջագույն աղետ է առաջացել Արցախի Հանրապետությունում: Ի լուր աշխարհի հայտարարում եմ, որ այսօր Արցախում են մնացել նաև տարբեր պատճառներով այնտեղ ժամանած ասորիներ, որոնք չենք կարողանում վերադառնալ «կյանքի ճանապարհի» փակ լինելու պատճառով»,-ասաց պատգամավորը:

Միրզոևան նկատեց՝ ցավոք, Ադրբեջանը շարունակում է քամահրանքով վերաբերվել միջազգային հանրության, բազմաթիվ երկրների, ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ միջանցքը բացելու կոչերին: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, առանցքային դերակատարում ունեցող երկրները պատժամիջոցներ սահմանեն 120 հազար մարդու շրջափակման մեջ պահող երկրի՝ Ադրբեջանի և նրա առաջնորդների նկատմամբ»,-ասաց նա:

Պատգամավորը կոչ արեց ազգային փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և կառույցներին գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որի զոհն են դառնում ոչ միայն հայերը, այլ նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: