Լրահոս
Իրավական
13:51
09.04.25
331

Միքայել Սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են. Արա Զոհրաբյան

Img default alt hy

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Միքայել սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են:

Նախ, բոլորս էլ գիտենք, որ Սրբազանը միշտ (տարբեր ժամանակներում, տարբեր իշխանությունների ժամանակ) համարձակորեն արտահայտել է իր կարծիքը, անկախ նրանից դա դուր է եկել հանրությանը, իշխանավորներին, անհատներին, թե՝ ոչ:

Երկրորդ, անսխալական մարդ չկա: Սրբազանի տեսակետներն էլ կարող են ընդունելի չլինել հանրության, իշխանավորների կամ առանձին անհատների կողմից: Դա չի նշանակում, որ պետք է մոռանալ Սրբազանի կարգավիճակը, անցած ճանապարհն ու վաստակը:

Երրորդ, պետականության երեք բանալիներից մեկը՝ Եկեղեցուն և հոգևորականությանը հարգելն է: Սա նշանակում է, որ պետք է Միքայել սրբազանի արտահայտած ձեզ համար անընդունելի կարծիքին մոտենալ որդիական խոնարհությամբ, ինչը չի բացառում ձեր հակափաստարկները կամ առարկությունները հայտնելու հնարավորությունը, սակայն բացառում է վիրավորական խոսք հնչեցնելը:

Ցավոք, այս երևույթը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք դեռ ճահճում և այսքան հարվածներից հետո խելք չենք հավաքել: Իրականում ցանկանում ենք ոչ թե արժեհամակարգ վերականգնել, այլ ցանկանում ենք մի կուռքը փոխարինել մեկ այլ կուռքով: Իսկ սրա վերջը անխուսափելի մեծ պատիժն է:

Հ.Գ. Պետականության 3 բանալիներն են՝

  1. Հարգել Եկեղեցին և հոգևորականությանը
  2. հարգել իշխանություններին
  3. սիրել ժողովրդին

Երբ, որ մեր երկրում այս երեք բանալիները կլինեն, մեր պետականությունն ամուր և անխախտ կլինի»: