Լրահոս
Արցախ
14:05
24.03.22
337

Մի քանի սենյակ միացրել են, որ մարդիկ 1 էլեկտրատաքացուցիչով տաքանան․ Ստեփանակերտի փոխքաղաքապետ

Img default alt hy

Արցախում գազամատակարարման դադարացման պատճառով Ստեփանակերտում ջեռուցման հիմնական միջոցը էլեկտրականություն է, կան տներ, որոնք վառելափայտով են տաքացվում։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սամվել Ղուլյանը։

«Աշխատում ենք շատ խնայողաբար օգտագործել հոսանքը, որպեսզի ենթակայաններում տատանումներ չլինեն։ Մեր պետական կառույցներում մի քանի սենյակներ միացրել ենք իրար, շատ մարդիկ իրար հետ են նստում ու մեկ էլեկտրատաքացուցիչով տաքանում»,- պատմել է Ղուլյանը։

Փոխքաղաքապետի խոսքով՝ քաղաքում հացի խնդիր չկա, արտադրամասերն աշխատում են սովորական ռեժիմով։

«Հացի արտադրամասերը հիմնականում աշխատում են «դվիժոկներով»։ Խնդիրները կենցաղային են․ մարդկանց մեծ մասը փորձում է հեղուկ գազաբալոններ գտնել ուտելիքների պատրաստման համար»,- նշել է Սամվել Ղուլյանը։

Այս պահին Ստեփանակերտի 12 դպրոցներում դասապրոցեսն ընդհատված է, աշակերտները հեռավար եւս չեն կարողանում մասնակցել դասերին։ Սամվել Ղուլյանի խոսքով՝ մարտի 28–ին Արցախի կառավարությունը կորոշի վերականգնել դասերը, թե ոչ։

Սամվել Ղուլյանի խոսքով՝ Արցախում առատ ձյան տեղումների պատճառով Ստեփանակերտում փակ ճանապարհներ չկան, բոլոր քաղաքային ճանապարհներն անցանելի են, աշխատանքներ են տարվում ծայրամասային մայթերը մաքրելու ուղղությամբ։

«Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ երեք տասնամյակից ավել, այսպիսի տեղումներ եւ ցուրտ եղանակ Ստեփանակերտում տարվա այս ամսին չեմ տեսել»,- ընդգծել է Սամվել Ղուլյանը։

Սամվել Ղուլյանը նշել է, որ վատ եղանակի պատճառով քաղաքում երբեմն հոսանքի կարճ տատանումներ են լինում։