Լրահոս
Իրավական
12:19
16.03.21
66

«Մենք սատանա չենք փնտրել. Խնդիրները բազմաթիվ են՝ մեկ խնդիր էլ Գագիկ Սողոմոնյանն է». ԱԱԾ պետի տեղակալ

Img default alt hy

Ազգային անվտանգության պետի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյք էջի բացահայտման ուղղությամբ ԱԱԾ-ն սխալ ուղղությամբ չի գնացել։

«Կարծում եմ՝ էջ մուտք գործելու թույլտվություն ունեն մի քանի անձինք, որոնք և տպավորություն են ստեղծում, որ էջը շարունակում է գործել, որպես Գագիկ Սողոմոնյան առանձին անհատ։ Բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, որ մենք չենք կարողանում ամբողջական շղթան բացահայտել, սակայն նախաքննությունն ընթանում է, ըստ իս, այդ ամբողջ շրջանակը պարզ կլինի նախաքննության շրջանակներում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Հարությունյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ երկիրն այսօր ունի բազմաթիվ անվտանգային խնդիրներ, իսկ ԱԱԾ-ն ամբողջ թափով լծվել է մեկ ֆեյք բացահայտելու գործին, ԱԱԾ պետի տեղակալն ասաց, որ, երբ ֆեյքն արդեն մտնում է  քրեական դաշտ, դա արդեն լուրջ խնդիրներ է առաջ բերում։

 «Խնդիրները, իհարկե, բազմաթիվ են, դա խնդիրներից մեկն է, մենք բոլոր ֆեյքերով էլ զբաղվում ենք։ Մենք սատանա չենք փնտրել, պետք չէ չափազանցնել, ԱԱԾ-ն նման գործառույթ չի իրականացրել։ Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում, խնդիրն ընդհանուր սահմանափակումն էր, որ նշվեց՝ մեդիադաշտում մենք ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր, ագրեսիվ ձևով տարածում են ակնհայտ ստեր, և հիմա դրանցից մեկն էլ, մեկ խնդիր էլ Գագիկ Սողոմոնյանն էր»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը։