Լրահոս
Հասարակական
11:46
06.02.22
543

Մանկապարտեզային սկանդալ՝ հանուն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալո՞ւ

Img default alt hy

Հունվարի 31-ին  Ա. Հ.-ն ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ․ մարտից մինչև 2021թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝  Է. Ու-ն, հաճախել է Երևանի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ.Ղ-ն, Ս.Կ-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

«168.am»-ի խմբագրության հետ կապ հաստատած քաղաքացիները բոլորովին այլ իրականություն էին ներկայացնում:

«Նորք-Մարաշը առանձնապես մեծ թաղամաս չէ, այստեղ բոլորը բոլորին շատ լավ գիտեն, լուրերն էլ արագ են տարածվում»,- ասել են քաղաքացիները:

Ըստ հայտնած տեղեկությունների՝ այս ողջ «հոգեցունց» պատմությունն ընդհանուր առմամբ մեկ նպատակ ունի՝ քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում:

«Երեխայի մորաքույրն ապրում է Գերմանիայում, և մայրը որոշել է որևէ կերպ քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում ու քրոջը մոտ լինել: Ցավալի է, որ այդ ճանապարհին անգամ երեխան չխնայվեց, սակայն դա է իրականությունը»,- ասել է «168.am»-ի աղբյուրը:

Հարցին՝ արդյո՞ք ճանաչում են կնոջը, վստա՞հ են, որ հենց այդպես է, և իրականում երեխայի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, պատասխանել են՝ նրան բոլորն են ճանաչում, բոլորը:

Նշել են նաև, որ կինը նախկինում աշխատել է այդ մանկապարտեզում, որտեղից սկանդալով է դուրս եկել:

«Լոնդոնում է ապրել նախկինում, հիմա էլ երևի Գերմանիայում է ուզում ապրել, բայց երեխային նման կերպ օգտագործե՞լ… Պակիստանցի ամուսնուն էլ թույլ չի տալիս երեխաների հետ շփվել, ինքն էլ երևի լավ չի գիտակցում՝ ինչ է անում…»,- ասել են  168.am-ի զրուցակիցները:

Վերջիններս նաև բացառել են, որ այդ մանկապարտեզում հնարավոր էր որևէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել:

«Պարկեշտ, ավանդական հայ ընտանիքների կանայք են՝ հոգսի տակ կքած: Առանց այդ էլ չնչին աշխատավարձով տաժանակիր աշխատանք են կատարում, հիմա էլ նման վերաբերմո՞ւնք…»,- ասել են քաղաքացիները՝ հավելելով, որ մանկապարտեզի նիստուկացը ներսից գիտեն, երեխաներ ունեն այնտեղ:

Ըստ որոշ լուրերի՝ նաև մանկապարտեզն է պատրաստվում դատարան դիմել՝ զրպարտության ու իրենց բարի համբավը վնասելու առնչությամբ: