Լրահոս
Առողջապահական
23:40
29.12.22
259

Մանկական արթրիտ. հոդաբորբի առաջացման հիմնական պատճառները

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Հոդաբորբ երևույթը կարող է զարգանալ ոչ միայն մեծահասակ անձանց, այլև երեխաների մոտ: Մանկական տարիքի արթրիտը կամ հոդաբորբը հայտնի է նաև որպես պատանեկան, դեռահասների կամ յուվենիլ արթրիտ:

Շատ կարևոր է, որպեսզի երեխաների մոտ հոդաբորբի ախտանիշները հայտնաբերվեն և բուժվեն հնարավորինս վաղ փուլում:

Արթրիտը ախտահարում է հոդերը՝ առաջացնելով ցավ, այտուց և տվյալ հոդում շարժունակության սահմանափակում:

Մանկական տարիքում հոդաբորբը կարող է ստանալ մեղմ կամ ծանր ընթացք և տևել ամիսներ կամ տարիներ: Երեխաների մոտ հոդաբորբը կարող է իր ախտանիշներով և ընթացքով նմանվել չափահաս մարդկանց արթրիտներին:

Տարբերում են պատանեկան կամ դեռահասների արթրիտի մի քանի տարբեր տեսակներ: Հիմնական տեսակներն են՝

սակավահոդային (օլիգոարտիկուլյար կամ պաուցիարտիկուլյար), որն ամենահաճախ հանդիպող տեսակն է, սովորաբար զարգանում է 2-4 տարեկանում և ախտահարում մինչև 4 հոդ,

բազմահոդային (պոլիարտիկուլյար), որը զարգանում է 1-12 տարեկան երեխաների մոտ և ընթանում 5 և ավելի մեծ թվով հոդերի ախտահարմամբ:

Ավելի հազվադեպ հանդիպող պատանեկան արթրիտի տեսակներից են՝

համակարգային (սիստեմիկ), որն ընթանում է այլ՝ արտահոդային ախտանիշների զարգացմամբ, օրինակ՝ մարմնի ջերմության բարձրացում և ցանավորում,

էնթեզիտ, երբ ախտահարվում են կապանների և ջլերի՝ ոսկրերին կպչելու կետերը,

փսորիատիկ, որի ժամանակ հոդերից բացի ախտահարվում է նաև երեխայի մաշկը:

Սովորաբար պատանեկան արթրիտի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվում են մանկական ռևմատոլոգները:

Պատանեկան կամ դեռահասների արթրիտի ախտանիշները բազմազան են և ժամանակի տարբեր շրջաններում կամ տարբեր երեխաների մոտ կարող են ստանալ կլինիկական տարբեր դրսևորումներ:

Ամենահաճախ հանդիպող նշաններն են՝

մեկ կամ ավելի շատ հոդերի այտուցվածություն, ցավ և կարկամվածություն, հատկապես՝ հանգստից հետո սաստկացող, որը տևում է առնվազն 6 շաբաթ և ավելի երկար,

ախտահարված հոդերը ծածկող մաշկի տեղային տաքություն (որը զգացվում է հպվելիս) կամ կարմրություն:

Ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշերից են՝

մարմնի ջերմաստիճանի բարձրացում,

ընդհանուր թուլություն, հոգնածության զգացում և մանկական աշխուժության կորուստ,

մաշկի ցանավորում,

ախորժակի վատացում և մարմնի կշռի կորուստ,

աչքերի, երբեմն նաև այլ օրգանների բորբոքում:

Բուժումը կարող է ներառել՝

ցավազրկող և հակաբորբոքային դեղեր, որոնք օգնում են հոդացավի և այտուցվածության մեղմացմանը,

այլ դեղեր, օրինակ՝ ստերոիդներ կամ հիվանդությունը ձևափոխող հակառևմատիկ դեղեր,

հոդերի շարժունակությանը, մկանների ամրությանը և ցավերի մեղմացմանն ուղղված վարժություններ,

հոդերի շարժունակությանն օժանդակող միջոցներ:

Արթրիտի վաղ բուժումը թույլ է տալիս հնարավորինս խուսափել հոդերի երկարաժամկետ անդառնալի վնասումից և հաշմանդամությունից:

Պատանեկան կամ դեռահասների արթրիտի բուժումը սովորաբար կազմակերպվում է որպես տարբեր ոլորտի բժիշկ-մասնագետների թիմային աշխատանք, այդ թվում՝ ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի, ռևմատոլոգի, ֆիզիոթերապևտի, պոդիատրիստի, սոցիալական աշխատողի, հոգեբանի և այլն»: