Լրահոս
Հասարակական
13:00
16.10.22
157

Մամուլի ազատությունը Հայաստանի կարևորագույն արժեքներից է. վարչապետի ուղերձը

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանnն ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասվում է.

«Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Սիրելի լրագրողներ,

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում»: