Լրահոս
Քաղաքական
11:58
03.02.23
179

Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի եղել․ Թևանյան

Img default alt hy

«Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար, անվտանգային ճգնաժամ է ստեղծվել․ ականատես ենք լինում  մի վիճակի, երբ «Լաչինի միջանցքը փակ է» վերնագիրը  սովորական լրահոս է դարձել  և դա տեղի է ունեցել իշխանության գործուն միջամտությամբ, որովհետև ամեն ինչ անում են, որ այդ նախադասությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Դեկտեմբերի 13-ին նախաձեռնել էինք ԱԺ հայտարարության տեքստ՝ դատապարտելով Ադրբեջանի գոծողությունը, զորակցելով Արցախի մեր հայրենակիցներին և հորդորելով  ռուս խաղաղապահներին արդյունավետ գործել,  նաև մեր զորակցությունը հայտնել նրանց»,-այս մասին  ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Մենք գտնում ենք, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումն է, որը պետք է լինի  Հայաստանի քաղաքական օրակարգում, համոզված ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և մենք, ելնելով ՀՀ սահմանադրությունից, Անկախության հռչակագրից և ընդհանրապես օրենսդրությունից,  կարծում ենք՝  ՀՀ-ն ունի հանձնառություն ՝ Արցախի անվտանգությանը և այլ հարցերին տեր կանգնելու, այս կետերի շուրջ է, որ իշխանությունը մեր հետ համաձայն չէր և չընդունվեց մեր այդ հայտարարությունը»,- ասաց Թևանյանը՝ թվարկելով այն սկզբունքային տարաձայնությունները, որ կան ընդդիմության և իշխանության միջև։

«ՀՀ իշխանությունները Ղարաբաղը դիտարկում են Ադրբեջաննի մաս, մենք՝ ոչ, ՀՀ իշխանություները գտնում են, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց պետք է չլինի Հայաստանի օրակարգում, մենք հակառակ կարծիքի ենք, ՀՀ իշխանությունը հրաժարվում է այն  իրական հանձնառությունից, որ նախատեսված է մեր օրենսդրությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հատկանշելով, որ Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծված պետությունը չի կարող ասել Ղարաբաղը հանձնենք, որ խաղաղ ապրենք։

«Եթե ավելի երկար շղթա գծենք, ապա   Լաչինի միջանցքի փակման, Արցախի շուրջ ստեղծված ու Հայաստանի անվտանգության շուրջ ստեղծված այս իրավիճակը  2018 թվականի մայիսի 9-ից է սկսվել»,- ասաց Թևանյանը։

«Հայաստանը ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ ամեն կերպ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետև 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում, քառակողմ հանդիպման ընթացքում, Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի մաս։ Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում քաղաքականության փոփոխություն չի եղել, իսկ քաղաքականության փոփոխությունը նշանակում է իշխանափոխություն»,- ասաց պատգամավորը։