Լրահոս
Արցախ
14:20
13.11.22
165

Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում. Արցախի ՄԻՊ․ NEWS.am

Img default alt hy

Խրամորթում երեկվա դեպքից հետո կրակոցներ չեն հնչել, իրավիճակը հանգիստ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` նշելով, որ մի շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ ադրբեջանցիները կրակում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ և ստիպում են, որ դադարեցնեն աշխատանքները:

«Կրակոցներով և նման գործելակերպով Ադրբեջանը փորձում է հնարավորինս անտանելի դարձնել կյանքն Արցախում և բնականոն կյանքը խաթարվում է: Պարզ է, եթե գյուղատնտեսական աշխատանքներ չեն տեղի ունենում, մարդիկ եկամտի աղբյուրից զրկվում են և սկսում են մտածել արդեն իրենց բնակավայրերը լքելու մասին: Ընդհանրապես, ադրբեջանցիների գործողությունները էթնիկ զտման և ցեղասպանական տարրեր է իր մեջ պարունակում և այդ քաղաքականության շարունակությունն է»,-ասաց նա:

Արցախի ՄԻՊ կարծիքով` Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու. «Եթե որևէ մեկը մտածում է կամ հավատում է Ադրբեջաբնի կողմից տրվող խոստումներին, որ ադրբեջանի կազմում կարող է ապահովվել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ուղղակի աբսուրդային է և անհեթեթություն է դա»:

Գեղամ Ստեփանյանը նշեց, որ իրենք 2 տարի անընդհատ բարձրաձայնել են Ադրբեջանի այս քաղաքականության մասին, և չի կարծում, որ Հայաստանի իշխանություններ սա չէին հասկանում:

«Կարծում եմ, իշխանությունները փորձում էին խաղաղության ճանապարհով գնալ, բայց փաստերն ու գործընթացները ցույց տվեցին և Հայաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը կեղծ խաղաղասիրության քողի տակ ուղղակի իրցեղաասպանական նկրտումներն է առաջ մղում, և դա է պատճառը, որ ՀՀ կառավարության ղեկավարն արդեն հստակ և աներկբա խոսում է այդ մասին»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնեկ էինք, որ նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաներում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Խրամորթ գյուղի վարչական տարածքում ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, մեկ քաղաքացի վնասվաքծներ է ստացել: