Լրահոս
Քաղաքական
14:05
03.04.25
197

Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա. Միրզոյանը՝ Լավրովին

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ;

ՀՀ ԱԳ նախարարի՝ ՌԴ գործընկերոջը հասցեագրված ուղերձում նշված է․

«Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:

Այս՝ համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:

Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ 

Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ 

Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։