Լրահոս
Քաղաքական
11:20
03.02.22
131

Կառավարությունը մոտ 1 միլիարդ դրամ է հատկացրել սահմանադրական բարեփոխումների գործընթացին

Img default alt hy

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 3-ի նիստում որոշում ընդունեց, որով ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում չօգտագործված  մոտ 1 միլիարդ դրամը կուղղի  սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներ իրականացնող մարմնի` սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:

Գումարի մի մասը նախատեսվում է հատկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի լրամշակման հիմնավորման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն»:

Գումարից միջոցներ կհատկացվեն նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի և հարակից օրենսդրական  նախագծերի փաթեթի նախապատրաստմանը և Դատավարական օրենսդրության վերանայմանը: