Լրահոս
Արցախ
19:19
27.03.22
631

Կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի. Մետաքսե Հակոբյան

Img default alt hy

Ադրբեջանական կողմի և ռուս խաղաղապահների միջև կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Արցախի իշխանությունները ուղիղ նամակ են հղել ՌԴ նախագահին, և մենք երեկ ստացանք առաջին ազդակները՝ Պաշտպանության նախարարության արձագանքի տեսքով։

Մինչև ավելի բարձր մակարդակում կորոշվի հանգուցալուծումը, կա պայմանավորվածություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի։ Այդ ընթացքում կտրվի քաղաքական լուծում ու մենք հնարավորություն կունենանք հասկանալու՝ նրանք մնում են այդտեղ, թե հետ են գնում։

Երեկվա հայտարարությունից ենթադրում ենք, որ դրական արդյունք կունենանք»։

Պատգամավորի խոսքով` երկխոսություն է գնալու և այդ երկխոսության կողմերն են Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչից փաստվում է, որ Հայաստանը այդ եռակողմ համաձայնության կողմ լինելուց դուրս է եկել։

«Ստացվում է, որ այդ երկու կողմը իրար հետ պիտի պայմանավորվեն, և կարելի է ենթադրել, որ գազամատակարարման հարցով ևս ռուսական կողմը զբաղվում է, և եթե վերականգնվի գազամատակարարումը, ադրբեջանական կողմը պետք է իր ժողովրդին համոզի, որ դա ոչ թե ռուսական գազն է, այլ ադրբեջանական»,- ասել է նա։