Լրահոս
Հասարակական
23:10
25.03.22
809

Իշխանությունները ցուցաբերում են կործանարար և անպատասխանատու քաղաքականություն․ «5165 շարժում»

Img default alt hy

«5165 շարժում» կուսակցությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և հարակից դիրքերի գրավման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշված է հետևյալը․

«Վերջին օրերին նոր թափ է ստացել Ադրբեջանի կողմից առաջխաղացումը Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ։ Շաբաթներ տևող հումանիտար ճգնաժամին, երբ Արցախի բնակչությանը զրկել են գազից եւ ջերմությունից, համարժեք պատասխանի բացակայությունը և միջազգային հանրության լռությունն ավելի է գրգռել Ադրբեջանի իշխանությունների ախորժակը, և մարտի 24-ին թշնամին ներխուժել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու զբաղեցրել Քարագլուխ ռազմավարական բարձունքը։

Այսօր ունենք զոհեր և տասնյակ վիրավորներ։ 

Անկախ նրանից, թե Փառուխի անվտանգության ապահովման հարցում ռուս խաղաղապահներն ինչ են արել կամ ինչ չեն արել, անկախ նրանից միջազգային հանրությունն ինչպես է արձագանքել կամ չի արձագանքել, կարևոր է հասկանալ, թե ինչ ենք անում մենք, ինչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները, ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և մեր սեփական անվտանգությունն ապահովելու համար։ 

Ինչպե՞ս կարող է կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի պաշտպանության նախարարը զբաղվել ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավով։ 

Ի՞նչ բացատրություն ունի այն փաստը, որ ՀՀ զինված ուժերը մինչ այժմ Գլխավոր Շտաբի պետ չունեն։ 

Ինչու՞ ՀՀ-ից Արցախ զորակոչ այլևս տեղի չի ունենում։ 

Ինչու՞ պետության սուղ միջոցները մսխվում են չհիմնավորված անհրաժեշտության թանկարժեք գործուղումներում։ 

Ելնելով վերը նշվածից և բազմաթիվ այլ ակնհայտ իրողություններից, մեզ համար միանշանակ է, որ գործող իշխանությունները ցուցաբերում են կործանարար և անպատասխանատու քաղաքականություն, կանգնեցնելով Հայաստանն ու Արցախը աղետի առաջ։ 

Ստեղծված իրավիճակում մենք օրհասական անհրաժեշտություն ենք համարում երկրի իրավիճակով իրապես մտահոգ, հայոց անկախ պետականությանն ու ազգային արժեքներին հավատարիմ ուժերի համախմբում և պատասխանատվության ստանձնում։

Հ.Գ. Այս պահին 5165 շարժման ներկայացուցիչները գտնվում են Արցախում` տեղում ծանոթանալու իրավիճակին»։