Լրահոս
Առողջապահական
18:50
17.10.22
162

Ինչպես խնամել և պահել կոնտակտային ոսպնյակները. Խորհուրդներ ակնաբույժ Լիլիթ Նավասարդյանից

Img default alt hy

Կոնտակտային ոսպնյակների պատշաճ խնամքն ու պահպանումը դրանց հաջող և երկարատև օգտագործման գրավականն է:

Ակնաբուժության նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ հիանալի հնարավորություն ունեն շտկելու տեսողության խնդիրները և խուսափելու ակնոցներ կրելուց։ Հարմար, գործնական և արդյունավետ կոնտակտային ոսպնյակների խնամքի մի շարք կանոնների մասին «Aysor.am»-ը զրուցել է բժիշկ-ակնաբույժ Լիլիթ Նավասարդյանի հետ։

«Կոնտակտային ոսպնյակները զգուշավոր մոտեցման և խնամքի կարիք ունեն. դրանք պատրաստված են լավագույն նյութից և շատ զգայուն են կողմնակի ազդեցությունների նկատմամբ: Օրինակ, նույնիսկ աննշան թվացող պատռվածքը կարող է առաջացնել մշուշոտպատկեր և վնասել տեսողությանը, եթե ոսպնյակները պատշաճ կերպով չեն կրում կամ պահվում: Խնամքի գործընթացում առանձնահատուկ բարդ բան չկա, և բոլորը կարող են կատարել ամբողջ ալգորիթմը», - ասաց ակնաբույժը։

Ոսպնյակները պետք է մաքրել և ախտահանել հեռացնելուց անմիջապես հետո:

Ոսպնյակը պետք է դնել ձեռքի ափի մեջ և դրա վրա կաթացնել հատուկ ախտահանիչ լուծույթի 2 կաթիլ։

Այնուհետև յուրաքանչյուր ոսպնյակ պետք է լավ ողողել լուծույթում և տեղադրել հատուկ տարայի մեջ։

Բժշկի խոսքով, գլխավորը բոլոր գործողությունները հիշելն ու դրանք «մեքենայաբար» կատարելն է. արդյունքում ոսպնյակները կշարունակել լինել որակյալ և անվտանգ, իսկ աչքերը զերծ կմնակ կարմրությունից և գրգռվածությունից։

«Կոնտակտային ոսպնյակների խնամքը ոչ միայն դրանց ժամանակին մշակման, այլև պատշաճ պահպանման մեջ է։ Կան ոսպնյակներ, որոնք կարելի է կրել մի քանի օր անընդմեջ, կան նաև մեկօրյա ոսպնյակներ, որոնք գնվում են միանգամից մի քանի զույգով։ Այսպիսով, պետք է հիշել, որ չբացված ոսպնյակները կարող են պահվել սենյակային ջերմաստիճանում մինչև փաթեթի վրա նշված պիտանելիության ժամկետը: Որոշ հիվանդներ կարծում են, որ նման ոսպնյակները պետք է պահել մութ, սառը տեղում, օրինակ՝ սառնարանում, բայց դա թյուր կարծիք է և անօգուտ է դարձնում ողջ գործընթացը»,- հավելեց Լիլիթ Նավասարդյանը։

Կոնտակտային ոսպնյակները բացելուց հետո պահման կանոնները հետևյալն են.

Երբեք մի՛ պահեք ոսպնյակները ծորակի ջրի կամ աղի լուծույթի մեջ. միայն ախտահանող լուծույթը կարող է ապահովել մակերեսի ախտահանումը:

Մի՛ պահեք կոնտակտային ոսպնյակները ապակյա և այլ բաժակների մեջ. հատուկ տարան է միայն կանխում դրանք միմյանց կպչելուց և ջրազրկումից:

Մի՛ ողողեք ոսպնյակի պատյանը պարզ ջրով. Այդ դեպքում հնարավոր է մակերեսի աղտոտում մանրէներով:

Անընդունելի է լուծույթը կրկին օգտագործել ոսպնյակներ լվանալու և պահելու համար:

Իմանալով, թե ինչպես պահել կոնտակտային ոսպնյակները, կարող եք ապահով օգտագործել դրանք և ձեր աչքերը լիովին անվտանգ կլինեն:

Եթե աչքերում այրոց կամ ցավ, կեղտ կամ փոշի եք զգում, անհապաղ հեռացրեք ոսպնյակները: