Լրահոս
Միջազգային
21:28
23.02.22
514

Ինչպես լինել և ուժեղ և բարի․ դեղատոմս՝ պատերազմով վարակված աշխարհի համար

Img default alt hy

Միջազգային խոշոր խաղացողները պատերազմներով ախտահարված մարդկության համար շարունակաբար հրապարակ են նետում ուժի չկիրառման, խաղաղության մասին տեսությունները։ Զավեշտալի է, բայց փաստ, որ հենց նրանք են այս ամբողջ մղձավանջի ճարտարապետները։ Այսինքն ուժի չկիրառման մասին դեմքի՝ երբեմն բարի արտահայտությամբ խոսում են նրանք, որոնք ուժ են գործադրում կամ հայտարարում այդ մասին:

Հարցը մեկն է՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք ամբողջ աշխարհում, թե՞ այն ընտրողական դեսերտ է, որ մատուցվում է առանձիններին։

Ուժի և բարության մասին յուրահատուկ բանաձև է առաջարկում Պուտինը։ 

Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Կրեմլի ղեկավարին հարցրին՝ ժամանակակից աշխարհում հնարավո՞ր է ուժ կիրառել և մնալ բարու կողմնակից։ 

«Ինչո՞ւ եք մտածում, որ բարին պետք է միշտ անզոր լինի։ Ես այդպես չեմ կարծում։ Ավելին, համարում եմ, որ բարին ենթադրում է ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն»,- ընդգծում է Ռուսաստանի առաջնորդը։

Այս համատեքստում, Վլադիմիր Պուտինն արժևորում է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ որպես ժողովրդավարության բարձրագույն ձև՝ մատնանշելով Ղրիմի հանրաքվեի ու արդյունքում՝ անկախանալու օրինակը։ 

Իսկ ինքնորոշում բառը, պատկերավոր ասած, հայկական մտքի որոնողական համակարգում միանգամից բերում է Արցախի հիմնախնդիրը։ Իսկ ինչու՞ Մոսկվան չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը՝ այնպես, ինչպես Աբխազիայի, Ղրիմի, օրերս արդեն՝ Դոնեցկի և Լուգանսկի դեպքում։ 

Պաշտոնական Մոսկվայի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցը հայ հասարակությունը պարբերաբար թարմացրել է մեր բոլոր իշխանությունների օրոք։ 

Մի կողմ թողնելով քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակների բազում դիսկուրսները, փաստենք այն, ինչ այսօր է ակտուալ։ Իսկ իրողությունն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթությունները փոխվել են։ 

1․Հայաստանը ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերություններում լրջագույն վրիպումներ, եթե չասենք՝ սխալներ թույլ տվեց, դրանք շարունակվում են նաև այսօր, որքան էլ արարողակարգային ու պաշտոնական մակարդակներով այլ կեցվածք ու տպավորություն գործեն։

2․Իշխանության տարբեր ներկայացուցիչներ հակառուսական հայտարարություններ են արել/ անում ու տրամադրություններ բորբոքում։

3․44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետն ու առանցքային որևէ ղեկավար չի այցելում Արցախի հանրապետություն, իսկ ԱՀ խորհրդարանականները օրերս հայտարարեցին, որ ԼՂ-ին վերաբերող կարևոր անվտանգային հարցերը մնում են առկախ, թուլացել է ՀՀ-Արցախ միջխորհրդարանական բարեկամական խմբի կապը։

4․Հայաստանի վարչապետը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մնացյալ փոքր ու մեծ տրամաչափի իշխանավորները հայտարարում և կոնկրետ քայլեր են անում Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, որ հորջորջվում է որպես «խաղաղության դարաշրջան»։ 

(ժամեր առաջ Էրդողանը հայտարարեց, որ պատրաստ է ձեռնարկել քայլեր Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար)

5․«Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարց չկա»․ այսօր՝ փետրվարի 23-ին հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ն

(ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը Երևանում հայտարարեց, որ գոհ է Ուկրաինայի հարցով ՀՀ իշխանությունների դիրքորոշումից)։

Ցանկը երկար ու շարունակելի է։ 

Ի դեպ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման մասին Պուտինի որոշումն անընդունելի է համարում Թուրքիան, որի հետ այնպես սեթևեթանքով ուզում է բարեկամանալ ՀՀ ներկայիս վերնախավը։

Իսկ ահա հարևաններից մյուսի՝ Ադրբեջանի ղեկավարն էլ, ՌԴ-ի հետ դաշնակցային պայմանագրի կնքումից հետո, չի թաքցնում հրճվանքը և հայտարարում, թե իրենք ստիպված էին ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով, ասել է թե՝ ուժի միջոցով։ Կրեմլի ղեկավարն, իր հերթին, ընդգծել է, որ Ալիևը շնորհակալ է Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին՝ հակամարտության կարգավորման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։

Աշխարհիս կարգն է․ գովում ես դու, գովում են քեզ՝ կռիլովյան հայտնի առակի պատկերավոր բանաձևումով․ Кукушка хвалит петуха - За то, что хвалит он кукушку։

Բայց քաղաքակիրթ աշխարհն այդ ամենը բնորոշում է հետևյալ կերպ՝ հավերժական թշնամիներ չկան, կան հավերժական շահեր։ Եվ այդ համատեքստում, ստացվում է, որ Ադրբեջանը մերձենում է ՌԴ-ի հետ, իսկ Հայաստանն ավելի է հեռանում՝ տարածաշրջանային այս հույժ կարևոր վերադասավորումների մեջ գործելով հերթական, հուսանք, ոչ ճակատագրական սխալը։

Կրեմլից եկող ազդակը՝ ինքնորոշման իրավունքի, դրա կարևորության մասին, մեզ էր ուղված նաև՝ որպես ակնարկ, որպես հնարավորություն, որպես սթափության կոչ։ 

Արցախում դա հասկացան, արտահայտվեցին և ողջունեցին։ Հայաստանում՝ ոչ։ Որովհետև մեր իշխանությունները խաղաղության դարաշրջա՞ն են ուզում, որովհետև բարի՞ են․․․

Ո՛Չ, որովհետև Ուժեղ չեն կամ Ուժեղ և Բարի չեն միաժամանակ։


Արա Ալոյան, «news.5tv.am»