Լրահոս
Հասարակական
11:10
08.02.22
118

Ինչ է ասել հեղինակավոր կազմակերպությունը ՀՀ իշխանությունների մասին նախկինում․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ամենևին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։

Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր ևս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք ևս նույն կոչով էին հանդես եկել՝ ասելով, թե պետք է չեղարկել այդ օրենքի կիրառումը, իսկ, ահա, հունիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության և բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:

Նախորդ տարի էլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել էր:

«Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, և այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև (երբ ԳՇ-ն պահանջում էր նրա հրաժարականը-խմբ.), ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշել էին զեկույցի հեղինակները»: