Լրահոս
Առողջապահական
19:10
03.12.22
137

Իմունային համակարգի թուլացման հիմնական դրսևորումները. խորհուրդներ՝ թերապևտից

Img default alt hy

Մարդու իմունային համակարգը տարվա այս շրջանում զգալիորեն թուլանում է, ներքին և արտաքին ազդակները ստիպում են զգալ մի շարք անհարմարություններ՝ թուլությունից մինչ բարձր ջերմությամբ արտահայտված մի շարք հիվանդություններ։

Իմուն համակարգի ամրապնդման, առողջական վիճակի բարելավման և ձմռանն ընդառաջ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման մասին Aysor.am-ը զրուցել է թերապևտ Լյուդմիլա Նազարյանի հետ։

Բժշկի խոսքով, իմունային համակարգի հիմնական թշնամիներն են՝

վարակման քրոնիկ օջախներտ և չբուժված բորբոքային պրոցեսները,

սեզոնային հիպովիտամինոզը (օրինակ՝ D և C վիտամինների պակասը),

սթրեսը. Ապացուցված է, որ ուժեղ հուզական և մտավոր սթրեսի դեպքում ոչ միայն ավելանում է սթրեսի հորմոնների արտադրությունը, ինչպիսիք են ադրենալինը և կորտիզոլը, այլ նաև ացետիլխոլինի արտադրությունը, որը այլ կերպ կոչվում է «թուլության հորմոն»,

կոշտ դիետաները, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի անհավասարակշռությունը,

ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,

հակաբիոտիկների սխալ օգտագործումը։

«Կարոտինները, որոնցից սինթեզվում է վիտամիններ A-ն և E-ն, մարմնի բջիջների լավագույն պաշտպանությունն են, այդ թվում՝ իմունային: Որքան բարձր է դրանց կոնցենտրացիան, այնքան օրգանիզմն ավելի հաջողությամբ է կարողանում պայքարել միկրոօրգանիզմների դեմ։ Պրովիտամին A-ն առկա է գազարում, սպանախում, մասուրի մեջ, բուսական յուղերը հարուստ են վիտամին E-ով»,- ասաց բժիշկը։

Անհրաժեշտ է իմանալ, որ լոլիկի հյութի կանոնավոր օգտագործումը ևս, լիկոպինի պարունակությամբ, բարձրացնում է կարոտինների կոնցենտրացիան մարմնի բոլոր բջիջներում։ Այն հզոր կարոտինոիդ հակաօքսիդանտ է, որն օգնում է բջիջները պաշտպանել ազատ ռադիկալներից:

Բժիշկը խորհուրդ է տալիս տարվա այս եղանակին հատկապես առատ օգտագործել ցիտրուսային մրգեր և խնձոր՝ հարստացնելով օրգանիզմում վիտամին C-ի պաշարները:

«Իմունային համակարգի ամրապնդմանը օգնում է նաև ցինկը, որն այն առատ է չզտված ձավարեղենում, սելենը, որով հարուստ են հացահատիկները, տավարի, հորթի, հնդկահավի միսը և սխտորը»,-ասաց նա:

Շնչառական ուղիներում տեղային իմունիտետը պահպանելու համար, բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել օդում ցրված եթերային յուղեր, քանի որ վերջիններս ունակ են բարելավելու լորձաթաղանթի վիճակը, խոնավացնելու այն ​​և բարձրացնելու իմունային պատասխանը։

Հիվանդություններից խուսափելու համար, առավել հեշտ է հետևել կանխարգելման մի քանի կանոնների։ Կարևոր է նվազեցնել վարակիրների հետ շփումը. Որքան քիչ բակտերիաներ և վիրուսներ մտնեն օրգանիզմ, այնքան իմունային համակարգի համար ավելի հեշտ կլինի հաղթել նրանց: Հնարավորության դեպքում խուսափել այն վայրերից, որտեղ շատ մարդիկ կան, իսկ հանդիպելիս պահպանել 1,5 մ հեռավորություն:

«Վարակված լորձի մասնիկների քիթ, կոկորդ և աչքեր ներթափանցումից խուսափելու համար, անհրաժեշտ է հասարակական տրանսպորտում և խանութում կրել բժշկական դիմակներ, տարբեր առարկաների մակերեսին դիպչելուց հետո ձեռքերը սրբել հակասեպտիկ նյութերով և խուսափել ձեռքերով դեմքին դիպչելուց։ Օդափոխել բնակարանը 3-4 ժամը մեկ և խոնավացնել օդը»,- խորհուրդ տվեց Լյուդմիլա Նազարյանը։