Լրահոս
Հասարակական
13:35
08.02.22
588

Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան. Արմեն Չարչյան

Img default alt hy

Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց նաև երկու փաստաթղթով. առաջինը՝ ՍԴ որոշմամբ, որն արձանագրեց՝ ինձ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք չունեին կալանավորել, երկրորդ՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։

Նա հայտնել է, որ առողջական վիճակը որոշակիորեն բարելավել է, և արդեն անցել է աշխատանքի։

«Ինձ համար ԱԺ աշխատանքը առաջնահերթություն չէ, առաջանահերթ ինձ համար բժշկությունն է»,- ասել է նա։

Չարչյանը նշել է, որ իր քաղաքացիական դիրքորոշումը և մտածելակերպը որևէ փոփոխության չի ենթարկվել, կալանավորումը որևէ ազդեցություն չի ունեցել իր հայացքների վրա:

Անդրադառնալով խոսակցություններին, թե իշխանությունը պայման է դրել, որ մանդատը վայր դնելու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, Չարչյանն ասել է, որ ինքն իշխանությունների հետ որևէ կապ ո՛չ ուղղակի ո՛չ էլ քողարկված չի ունեցել, իշխանություններն էլ իրենց հերթին չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ իր հետ:

«Այդ ամենը մտացածին հերյուրանքներ են: Այս ամենին ես պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ «իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»: Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին, միայն մեկ նպատակով, որ կարողանամ ավելի բարեկեցիկ երկիր կառուցելուն նպաստեմ, երբ այս ամենը կհարթվի, ես հաճույքով կվերադառնամ վիրահատարան», - ասել է նա:

Հարցին՝ մտավախություն չունի՞ որ նոր գործ կհարուցվի իր նկատմամբ, կալանավորման որոշում կլինի կրկին, Արմեն Չարչյանն ասել է.

«Մտավախություն բառի մեջ կար վախ բառը, ես երբ այրվող ինքնաթիռից վիրավոր հիվանդ եմ հանել, այդ ժամանակ վախ չեմ ունեցել, կալանավայրից էլ վախ չունեմ»: