Լրահոս
Հասարակական
16:42
25.03.22
203

Ի վերջո դինոզավրերին Հայաստանը պետք է առանց հայերի․ Ալվարդ Պետրոսյան

Img default alt hy

Եվրոմայդան. անդրադարձե՞լ եք այս բառի, ավելի ճիշտ, այս երկու բառերի հեզասահ միացումին: Ուշադրություն դարձրեցի՞ք, հիմա ստուգաբանեք` Եվրոպա և Մայդան /մեյդան - ասպարեզ, հրապարակ/։ Սա հասարակական-քաղաքական գործիչ, գրող-հրապարակախոս, մշակույթի վաստակավոր գործիչ Ալվարդ Պետրոսյանի «Ցաքուցրիվ» շարքից է։

«Ինքն իր մեջ գոռոզամտությունից, դատարկությունից ճաք տված և տվող Արևմուտքը, հատկապես Եվրոպան, հին հիշողությամբ թուրքաբարո Մայդանը կրկին և սիրով ընդունեց իր գիրկը: Ժամանակին 45,000 ոսկով վաճառեցին քրիստոնյա արքայազն Ջեմին` հօգուտ զտարյուն օսմանցու/Փարիզն ու Վատիկանը/: Ու քարաքոսի պես մինչև Վիեննա տարածվեց Օսմանյան կայսրությունը: Ականջներդ կանչի, հայր ու դուստր Մութաֆչիեվներ:

Այսօր էլ տարածված է այդ կայսրությունը: Տարածված է, մենք չենք տեսնում: Կտեսնենք, երբ Էյֆելյան աշտարակը մզկիթ կդառնա: Որտեղից էլ փեշերը մի կերպ քաշել են տվել, այդ հեղեղի անջինջ հետքերը մնացել են` արիական Իրանից մինչև Ադրիատիկի գեղատեսիլ ափերը, դասական Թրակիա: Հելլադայի մասին էլ չեմ ասում: Իսկ նախաշխարհը...

Հնդեվրոպական ցեղի բնօրրանը, Հայոց Աշխարհը: /Կիմ Բաքշիի ձևակերպումն է, իմ ազգային սնապարծության դրսևորումը չէ: Այդ սքանչելի մտավորականը` «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարիստը, Հայաստանին նվիրված իր ծավալուն էսսեում /էսսե` հայերեն գրչափորձ/, հենց այդպես էլ ասում է` բոլորը հելլենական աշխարհի մասին են խոսում, իսկ նախաշխարհը` Հայաստանը, չգիտեն կամ էլ մոռացել են:

Ես կասեի, համ չգիտեն, համ էլ սիրով մոռացել են երիտասարդ դինոզավրերը, երբ խոսքը քաղաքակրթական խնդիրներին է վերաբերվում: Սակայն, երբ Մեծ Թուրանի մշտարթուն ծրագրերի մասին են երբեմն-երբեմն հիշում, հիշում են նաև արդեն, ավաղ, շատ պստլիկ Հայկական Սեպը, որ խրվել է թուրքական նվաճողական տեսլականի կոկորդը ու դուրս չի գալիս:

Ինչքան փորձի ազատվել, այնքան ավելի խորն է խրվելու: Մեր Սեպը, մեր հայկական ֆենոմենը:

Հեչ, ոչ մի ակնածանք չունեն Նոյի ու բիբլիական Արարատի, նրա գրկում ծվարած նույնքան բիբլիական ժողովրդի նկատմամբ դիտորդները, հանձնակատարները, զանազան զարմանազան ունիաները, նատօները, պակտերը և այլն:

Ի վերջո դինոզավրերին Հայաստանը պետք է առանց հայերի:

Ի դեպ քրիստոնյա դինոզավրերը պակաս չէին, ուղղակի ավելի վարպետորեն էին քարկտիկ խաղում հումանիզմով և այլ մազալու բաներով: Հոլոքոստից հետո է, որ ընդհանրապես թույլատրվում է երբեմն անդրադառնալ մեզ, այն էլ, երբ Թուրքիան կամ Հոլոքոստի տերերը շատ են երես առնում: Հայաստան երկիր դրախտավայրը ոչ Ավետյաց Երկիր է, ոչ էլ Բոսֆորի նեղուցի տեր: Որտեղից ուր հասանք:

Այնինչ խոսում էինք ընդամենը մի Եվրոմայդանի մասին: Վարդերից ուր հասանք, վարդերից առաջ էլ թավիշն էր: Վարդերի, թավշյա հեղափոխություններ: Ի՞նչ գույն ունի հեղափոխությունը, կարմիր, միայն կարմիր:

Իսկ հիմա Կիևն է աշխարհի կենտրոնը: Այսինքն Կիևյան Ռուսիայի առաջին մայրաքաղաքի հրապարակը Եվրոմայդան դարձավ: Մի քանի ավազակների, ստահակների, գրպանահատների կռվշտոցի արդյունքում վանդակներով բաժանել են երկիրը: Ժողովուրդն էլ... Դրա մասին հետո: Իսկ ամենագետները, դրանց հո լավ գիտենք, խոսում են ու խոսում:

Մի մասը դեպի Արևմուտք դարձած, մյուս մասն էլ` Արևելք:

Խոսեք իմաստուններ, պատմեք ռուսական վայրագությունների, նույնքան վայրագ «դիվանագիտության», նույնքան վայրագ ռուսական սապոգի մասին, բայց հիշեք նաև, վասն արդարության, 1954-ը, երբ Խրուշչովի թեթև ձեռքով ճղոպուրի պես Ղրիմը պոկվեց Ռուսաստանի սրտից ու կցվեց Ակրաինային կամ Օկրաինային: Իրենք իրենց մեծապետական փորած փոսի մեջ ընկան. կարծում էին ինչ կա, իրենցն է:

Գոնե հրապարակայնորեն ձայն-ծպտուն չհանեցին: Մի հանեին էլ... Անմահ ԿԳԲ-ն հո քնած չէր: Հիշեցի, Բրիտանական թանգարանում աշխարհի մշակութային հրաշքները թալանված ու չորս պատերի մեջ խցկված /Եգիպտոս, Ասորեստան, Հնդկաստան, Չինաստան, Ուրարտու և այլն/:

Ամենից շատ վրաս ազդեց Ապոլոնի տաճարը, որ քար առ քար քանդել, բերել ու հավաքել էին թանգարանի մեջ, պատկերացնում եք, հսկա տաճարը թանգարանում: Թալանչիների մտքով էլ չի անցնում, որ որևէ բան կարող է սասանվել և շեղվել իր ընթացքից: Ողջ աշխարհին դաս են տալիս, ամեն ինչի օրենսդիրն են:

Դառնանք մեր ոչխարներին, մենք հո լավ գիտենք, թե այդպիսի վերքերը ոնց չեն փակվում, ոնց են արնածորում: Մերը չի արնածորո՞ւմ: Ի տարբերություն ռուսների՝ մերը մեկը չէ, հազարն է, ի տարբերություն ռուսների՝ փոսը մենք չէինք փորել:

Ժողովուրդ, նկատեցի՞ք, Եվրոպայի եվրոպացի հանձնակատար տիկին կամ օրիորդ Քեթրին Էշթոնի /նրա ընտանեկան հանգամանքին ծանոթ չեմ/ պարսկական հանդերձանքը: Սույն արարածը /բարոնուհի/ կայնքում ավելի կանացի և հմայիչ արդյոք եղե՞լ է:

Ահավասիկ միջին տարիքի, բարետես և բարեսիրտ կինարմատ, ընդամենը մի սև գլխաշորով, որը բնավ նման չէ Անգլիո թագուհու գլխարկներին: Համեստ, առաքինի, ամեն ինչ ըմբռնող, մեղմաբարո, բա՜... Սա է Արևելքը, և հատկապես Մեծ Իրանը /Երան/: Սորուն ավազի պես կլանում է քեզ, ով ուզում ես եղիր` ոտքդ իր հողին դրեցիր, պիտի ենթարկվես իր օրենքներին:

Սիրում եմ... Ոչինչ Ավարայրը, ոչինչ Եփրեմ Խանին հանիրավի մոռանալը: Սիրում եմ իրենց արժանապատվությունն ու ինքնագնահատականի ճշգրտությունը…»։