Լրահոս
Միջազգային
17:30
29.12.22
69

Հորդանան պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելը փոխի Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը. Աբդալլահ II

Img default alt hy

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հակամարտության, եթե Իսրայելի նոր կառավարության անդամները ձգտեն փոխել Երուսաղեմի սրբավայրերի կարգավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Աբդալլահ II-ը հայտնել է CNN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում:

Հորդանանի թագավորը հայտարարել է, որ իր երկրում ,մտահոգությունե կա այն հարցի շուրջ, որ Իսրայելում որոշ մարդիկ փորձում են փոփոխություններ մտցնել Արևելյան Երուսաղեմում Հորդանանի խնամակալության տակ գտնվող մուսուլմանական և քրիստոնեական սրբավայրերի հարցում:

«Եթե նրանք ցանկանում են հակամարտության մեջ մտնել մեզ հետ, մենք միանգամայն պատրաստ ենք: Ես միշտ ցանկանում եմ հավատալ, որ բաժակը կիսով չափ լիքն է, բայց մենք ունենք հստակ կարմիր գծեր... Եվ եթե մարդիկ ցանկանան հատել այդ կարմիր գծերը, մենք դրանով կզբաղվենք», - ասել է Հորդանանի թագավորը։

Պաղեստինաիսրայելական հակամարտության հնարավոր սրման, ինչպես նաև արաբ հարևանների և արևմտյան դաշնակիցների հետ Իսրայելի ապագա հարաբերությունների առնչությամբ մտահոգություններն ի հայտ են եկել այն պատճառով, որ այսօր Իսրայելում տեղի է ունենալու Բենյամին Նեթանյահուի կառավարության երդմնակալությունը: Բենյամին Նեթանյահուի կոալիցիոն կառավարության մեջ ընգրկված են ծայրահեղ աջ հայացքների տեր գործիչներ:

Աբդալլահ II-ը նշել է, որ շատ մտահոգված է պաղեստինական «հերթական ապստամբության» առնչությամբ:

«Եթե դա տեղի ունենա, ապա դա կլինի օրենքի և կարգուկանոնի լիակատար խախտում, որից օգուտ չեն ստանա ո՛չ իսրայելցիները, ո՛չ պաղեստինցիները», - ասել է Հորդանանի թագավորը:

Իսրայելը Հորդանանից նվաճել է Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի պատերազմում, բայց 1994 թ.-ին կողմերը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի Իսրայելը ճանաչում է Ամմանի հատուկ դերը քաղաքի սրբավայրերում: Հորդանանի Հաշեմիտների արքայատոհմը 1924 թ.-ից ի վեր հանդիսանում է Երուսաղեմի սրբավայրերի խնամակալը և իրեն համարում է քաղաքի մուսուլմանների ու քրիստոնյաների կրոնական իրավունքների երաշխավոր:

Սակայն վերջերս Հորդանանը հաճախ է մեղադրում Իսրայելին համաձայնագիրը խախտելու մեջ: Իրավիճակն առավել սուր է ալ-Աքսա մզկիթի շուրջ, որը գտնվում է Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարաց լեռան վրա: Այն իսլամի երրորդ սրբավայրն է: Այն նաև սրբազան վայր է հուդայականների համար: Իսրայելի աջ քաղաքական գործիչները հաճախ հայտարարում են, որ հրեաները նույնպես պետք է այնտեղ աղոթելու իրավունք ունենան: