Լրահոս
Հայաստան
19:14
07.02.22
907

Հիվանդությունը խլել է դստեր կյանքը, պատերազմը` որդու

Դավիթը բանակից վերադառնալուց հետո որոշել էր զբաղվել ծրագրավորմամբ, իսկ Լիլիթը հետաքրքրվում էր պատմությամբ ու մշակույթով: Նա նախ սովորել էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության, ապա հնեաբանության և ազգագրական ամբիոնում: Ուսման ավարտին մնացել էր ընդամենը քսան օր, երբ տարիներ տևած ծանր հիվանդությունը խլել է Լիլիթի կյանքը, գրում է «forrights.am»-ը։

Քրոջ մահվան լուրը Դավիթին հասել էր այն ժամանակ, երբ արդեն բանակում էր: Նա բանակ էր զորակոչվել 2020թ-ի հունվարի 8-ին,  նախ ծառայել էր Գյումրիում, ստացել կրտսեր Սերժանտի կոչում, ապա տեղափոխվել Սանասար (Որոտան):

«Անընդհատ խոսում էր իր զենքից:  Ֆագոտն էր իր զենքը: Հակատանկային գումարտակում էր ծառայում… ես զգում էի, որ ինքը տարերքի մեջ է… բայց հետո մեր ընտանիքի հետ եղավ մեծ դժբախտություն: Մենք Դավիթին բերեցինք տուն: Ինքը եկավ, իր քրոջը հրաժեշտ տվեց: Դա իր վերջին այցելությունն էր տուն: Դավիթին հոգեպես շատ վատ վիճակում բանակ ճանապարհեցինք: 

Իր համար շատ դժվար էր: Ընդամենը հինգ օրով եկավ: Ծանր ապրումներ էին, իր քրոջը կորցրել էր ու ինքը գնում էր ծառայության: ՈՒ ինքը մենակ էր գնում` այդ վիշտը, այդ ցավը իր սրտում: Ու ինքը պետք է ծառայի: 

Անընդհատ մտածում էի` գնանք, նրան տեսնենք, ընտանիքի հետ այդ վիշտը ապրելը միասին ուրիշ է: Դրա համար մենք սեպտեմբերի 22-ին գնացինք նրան տեսանք: Շատ դժվարությամբ, բայց այլ տարբերակ չունեի, շատ էի ուզում տեսնեի: Մի քանի օրից սկսեց պատերազմը»,- պատմում է Դավիթի ու Լիլիթի մայրը` Կարինե Համբարձումյան:

Պատերազմի ընթացքում Դավիթը ծնողներին զանգում էր, սակայն չէր ասում իր գտնվելու վայրի մասին: