Լրահոս
Հասարակական
21:52
23.02.22
312

Հիսուս Քրիստոսի արձանի նախագծերը Մրցութային հանձնախումբն ուսումնասիրում է

Img default alt hy

Հայաստանում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան կանգնեցնելու մասին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում բնակվող հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների շրջանում։ Գաղափարի մասին հայտարարելուց հետո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբին տարբեր նախագծեր են ներկայացվել։

Մրցութային հանձնախումբն այս օրերին աշխատանքային ակտիվ փուլում է, մանրամասն ծանոթանում է 200-ից ավելի մտահղացումներին ու գաղափարներին։ 

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախմբի համակարգող Ռուբեն Հովհաննիսյանը նշում է՝ պետք է 14 օրում հասցնեն լայնածավալ աշխատանք անել, ապա արդյունքները ներկայացնել հանրությանը։ 

«Մեկնարկը տրված է․ ծանրաբեռնված ենք, հայտերի քանակն աննախադեպ է»,- ասում է նա։

Հանձնախմբին իրենց աշխատանքներն են ներկայացրել ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Հարություն Չալիկյանը, ով քանդակել է Քրիստոսի համբարձման պահը։ Արթուր Ավագյանը երկու քանդակ է ներկայացրել՝ պատկերող Փրկչի գալուստը։ Մրցույթին իր աշխատանքն է ներկայացրել նաև քանդակագործ Խաչատուր Աղամալյանը՝ Ռուսաստանից։ Նա արձանն անվանել է «Հայտնություն»։ 

«Դեպի արարիչ»․ սա էլ Լոռու մարզից նկարիչ քանդակագործ Վահե Մնացականյանի ստեղծագործության անվանումն է։

Մրցույթին մասնակցող արվեստագետները, նկարիչներն ու քանդակագործները նշում են՝ երկրին իրենց մասնագիտությամբ նպաստելու առիթ է ընձեռվել, նախագիծը հետաքրքիր է, մրցակցությունը՝ բարձր։