Լրահոս
Հասարակական
21:28
07.02.22
234

ՀՀ իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության հանդեպ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն. Լարիսա Ալավերդյան

Img default alt hy

Հանձին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից տեղի է ունենում դատավորների անկախության կնատմամբ վերին աստիճանի ագրեսիվ և անթաքույց ոտնձգություն, «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այն զեկույցը, որ հրապարակվել է ԵԽԽՎ-ում, կարծես նոր շունչ է տվել այս իշխանություններին՝ գործելու կամայական ձևով և ամբողջովին հրաժարվելու միջազգային սկզբունքներից ու նորմերից։ Գոյություն ունեն Փարիզյան սկզբունքներ, որտեղ խոսվում է դատավորների անկախության մասին։

Այժմ կալանավորելով երիտասարդ դատավորին՝ ՀՀ իշխանությունները քարը քարի վրա չեն թողել։ Բորիս Բախշիյանին վերագրվող հոդվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Ես համոզված եմ, որ սա հատուկ արվում է՝ հասարակությանը ցույց տալու, որ ինչ ուզեն, այդ էլ կանեն։

Մենք սա տարբեր առիթներով արդեն մի քանի անգամ լսել ենք, և այսպիսի քաղաքականության դեմն առնելու որևէ արդյունավետ ձև առայժմ չկա»,- ասել է Լարիսա Ալավերդյանը։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում կայացրեց կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է:

Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց նրա ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ:

Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով: