Լրահոս
Հասարակական
16:00
30.04.22
217

Հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու գործողությունները Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու քաղաքականության շարունակությունն է. Վահան Հունանյան

Img default alt hy

Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները, գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է և Արցախն առանց հայերի ու հայկական հետքի թողնելու հետևողական քաղաքականության շարունակությունը:

Արցախում հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների դեմ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը:

Նշյալ դեպքը ևս մեկ անգամ վերահաստատվում է հայկական կողմի պնդումներն առ այն, որ հրատապորեն անհրաժեշտ է իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ»։