Լրահոս
Առողջապահական
12:15
08.04.21
85

Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը. ԱՆ

Img default alt hy

Հայաստանում «Спутник V» պատվաստանյութը ստացել է պաշտոնական կիրառման թույլտվություն փետրվարի 1-ին: Սա համարվում է արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կարգ կա, ըստ որի, բոլոր դեղերը չեն, որ պետք է պարտադիր գրանցվեն, հետո կիրառման թույլտվություն ունենան: «Ելնելով համավարակի պայմաններից, արագ որոշում կայացնելու անհրաժեշտությունից, երկրում արտակարգ դրությունից՝ մենք «Спутник V»-ին տվել ենք կիրառման թույլտվություն՝ հաշվի առնելով դրա կենսական անհրաժեշտությունը: Այն հիմա էլ է մեզ համար չափազանց անհրաժեշտ»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից նվեր է ստացել  15 հազար չափաբաժին «Спутник V» պատվաստանյութ։ ԱՆ խոսնակի խոսքով՝ պատվաստանյութը կիրառվել է, թիրախային խմբերն են պատվաստվել, COVID-19 սպասարկող բուժանձնակազմը, խոցելի խմբում գտնվող մի քանի քաղաքացի, որոնք ինքնակամ դիմել են պատվաստվելու համար:

«Այս պահին չեմ կարող ասել, թե նվիրաբերված «Спутник V»-ից քանի չափաբաժին կա դեռ չպատվաստված, բայց երկրում արդեն ավելի քան 500 անձ ունենք, որոնք պատվաստվել են «Спутник V»-ով»,-ասաց նա: