Լրահոս
Քաղաքական
20:48
18.10.22
113

Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է Նորվեգիայի արտգործնախարարին

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության և դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորման հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Նորվեգիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար երկիր, հետևողական կլինի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դատապարտման, դրանց արդար դատաքննության ու մեղավորների պատժման հարցում:

Հանդիպմանը խոսվել է նաև խորհրդարանական դիվանագիտության կարևորությունից, ինչի շնորհիվ երկրներին հաջողվում է քաղաքական և միջազգային հարթակներում բարձրաձայնել շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ:

«Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ: Առաջնահերթ եմ համարում միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը: Տեղյակ եմ, որ Նորվեգիայի խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման ավանդույթ չկա: Սակայն, կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության այլ ձևաչափեր»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի պատասխան Նորվեգիայի արտգործնախարարը հավելել է, որ կարելի է խթանել երկկողմ խորհրդարանական համագործակցության մեխանիզմները, տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը, ակտիվացնել փոխայցերը: