Լրահոս
Հասարակական
14:33
03.02.22
602

Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են ՄԻՊ աշխատանքից, ամենադժգոհը՝ ԱԺ-ից․ հարցում

Img default alt hy

Հայաստանի քաղաքացիներն ամենաշատը գոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովի գործունեությունից։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված նոր սոցիալական հարցման արդյունքներից:

Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը։ Հարցումներն իրականացվել են հեռախոսային եղանակով։

Քաղաքացիներն ամենաշատը գոհ են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից՝ 68% (35%-ը լիովին գոհ են, 33%-ը՝ որոշ չափով գոհ): Հաջորդը ոստիկանությունն է, որը նույնպես հարցման մասնակիցների 68%-ի դրական պատասխանին է արժանացել, բայց ի տարբերություն ՄԻՊ-ի՝ ոստիկանության աշխատանքից լիովին գոհ են 25%-ը, որոշ չափով գոհ՝ 43%-ը։

Երրորդը տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ նրանց աշխատանքից շատ գոհ են 22%-ը, որոշ չափով գոհ՝ 41%-ը։ Քաղաքացիներն ամենաշատը դժգոհ են Ազգային ժողովի աշխատանքից․ «չափազանց դժգոհ» է հարցվածների 50%-ը, 17%-ը՝ «որոշ չափով» դժգոհ։

Վարչապետի գրասենյակի աշխատանքից շատ գոհ կամ որոշ չափով գոհ է 49%-ը, 48%-ը դժգոհ է կամ չափազանց դժգոհ, 4%-ը հրաժարվել է պատասխանել այս հարցին։ Վարչապետի գրասենյակի աշխատանքից ավելի շատ գոհ են 56 տարեկանից բարձր մարդիկ և գյուղաբնակները։

Հարցման մասնակիցները որոշ չափով ավելի դժգոհ են կառավարության աշխատանքից։ Եթե վարչապետի աշխատանքից շատ գոհ է 19%-ը, որոշ չափով գոհ՝ 30%-ը, ապա կառավարության դեպքում 13%-ն է շատ գոհ, 35%-ը՝ որոշ չափով գոհ։

«Որքանով եք բավարարված կամ դժգոհ զինված ուժերի աշխատանքից» հարցին 58 %-ը պատասխանել է, որ լիովին կամ որոշ չափով գոհ է, 37 %-ը՝ դժգոհ կամ որոշ չափով դժգոհ։ Բանակի ղեկավարության աշխատանքի վերաբերյալ հարցի դեպքում, սակայն, պատկերը հակառակն է՝ 40%-ը գոհ է, 54%-ը՝ դժգոհ։