Լրահոս
Հասարակական
20:37
06.09.24
818

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը

Img default alt hy

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՊՏՀ-ի տարածած հայտարարությւոնից:

«Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը։ Համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանին»,-  ասված էր հայտարարության մեջ:

Ռեկտորի թեկնածուներից Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտարարել էր՝ ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է օրենսդրության խախտումներով։

 «ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունն ընթանում է ՀՀ օրենսդրության և ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպիտ խախտումներով։ Խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնող Հանրապետության նախագահն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում ապահովել նիստի և քվեարկության օրինական ընթացքը»,- գրել էր Էդգար Ղազարյանը։

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր տեղի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցում էին 4 թեկնածու։

Թեկնածուներն են տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, Տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտություններ գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու դոցենտ Ատոմ Մարգարյանը և չորրորդ թեկնածուն համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, համատեղության տնտեսագիտության ամբիոնի դոցենտ Արսեն Պետրոսյանն է։