Լրահոս
Միջազգային
14:31
28.07.26
81

Աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է Կիպրոսի հիմնախնդրի արագ լուծում․ Գուտերեշ

Img default alt hy

Տարածաշրջանում ստեղծվող աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է կիպրոսյան հիմնախնդրի արագ լուծում, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նման կարծիք նա հայտնել է Նիկոսիայում՝Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ հանդիպմանը։

«Եթե գոյություն ունի մի պահ, երբ կիպրոսյան հիմնախնդրի լուծումը նշանակություն ունի, ապա դա հենց հիմա է՝ տարածաշրջանային քաոսի ժամանակ», — ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է Կիպրական տեղեկատվական գործակալությունը։

Հակառակ դեպքում, կարծում է Գուտերեշը, «որոշակի աշխարհաքաղաքական տեղաշարժեր կարող են հանկարծակիորեն Կիպրոսը դնել անցանկալի իրադարձությունների կենտրոնում»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր այցը Նիկոսիա բնութագրել է որպես «համերաշխության և խոնարհության այց», որն ուղղված է Կիպրոսի երկու համայնքների աջակցությանը՝ կղզու հիմնախնդրի լուծման որոնման գործում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Կիպրոսում կարգավորումը օգուտ կբերի ոչ միայն կղզուն, այլև կնպաստի իրավիճակի մեղմացմանը ամբողջ տարածաշրջանում։

Գուտերեշն հավելել է, որ իր խնդիրը «որեւէ մեկին թելադրելը չէ, թե ինչ է պետք անել», և որ ինքը «խոնարհությամբ և լիակատար նվիրվածությամբ» կարգավորման նպատակներին՝ պատրաստ է աջակցել հենց կիպրական համայնքների և նրանց առաջնորդների ջանքերին՝ կղզու հիմնախնդրի լուծման ուղղությամբ։ «Ես կանեմ այն ամենը, ինչ իմ ուժերում է», — խոստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Խրիստոդուլիդիսի հետ հանդիպման ավարտին Գուտերեշը մեկնել է Նիկոսիայի հյուսիսային մաս, որտեղ կիպրական կարգավորման հեռանկարները կքննարկի թուրք-կիպրոսցիների առաջնորդ Տուֆան Էրհյուրմանի հետ։