Լրահոս
Արցախ
10:50
28.05.22
180

Հայաստանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը չեն կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա. Արցախի պետնախարարը՝ Ալիևին

Img default alt hy

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին։ Բեգլարյանը, մասնավորապես, նշել է, որ Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի ներկա և ապագա կարգավիճակի վրա։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին մի շարք խնդրահարույց հայտարարություններ է արել, որոնց ի պատասխան.

Հայաստանի Հանրապետության հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։

Ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և դա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, կարող է սահմանազատման և սահմանագծման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերադարձնելով մեր օկուպացված տարածքները և ճանաչելով մեր անկախությունը։ Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն ու ճանաչումն է։

Սակայն միայն այս փորձությունն անցնելուց հետո միջազգային հանրությունը կապացուցի, որ, հակառակ Ալիևի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի:

Միջազգային իրավունքի մեկ այլ կարևոր սկզբունք ուժի չկիրառումը/ուժի կիրառման սպառնալիքն է, որը ևս կոպտորեն խախտվել և անտեսվել է Ադրբեջանի կողմից։ Ավելին, Ալիևն այսօր կրկին սպառնացել է ուժի կիրառման նոր նախադեպերով, ինչը միջազգային հանրության համար հստակ ազդանշան է՝ կանխարգելիչ և պատժամիջոցային քայլեր ձեռնարկելու համար։ Շեղված վարքագծի խրախուսումն ու անտեսումն աստիճանաբար միջազգային աղետների է հանգեցնում՝ դառնալով միջազգային պրակտիկա և սովորական իրավունքի մաս՝ իրավական սովորույթի օրինակ»,- գրել է Արտակ Բեգլարյանը: