Լրահոս
Հայաստան
15:14
12.02.21
93

Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում․ երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում, անհնար է չխելագարվել այս երկրում․ Գեղամ Նազարյան

Img default alt hy

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը։ Այն ամբողջությամբ՝ ստորև․

Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրն իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:

Մի քննադատեք, անիծեք նաև անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանին: Մի դատեք նրան, քանի որ նա չի հասկանում, թե ինչ է անում: Հավատացեք, նա ավելի շատ տուժած է, քան իր որդուն հոկտեմբերի 12-ից փնտրող այս մարդը: Որդուն փնտրող մարդն իր հոգին ու խիղճը չի կորցրել, իսկ ոստիկանը՝ անհեթեթ հրաման կատարող ոստիկանը, կորցրել է:

Նայեք զինվորի հոր լուսանկարին, իսկ հետո կարդացեք, թե ինչ է ճամարտակում նիկոլի նորանշանակ օգնականը, որը քնած էր, արթնացավ զանգից, դարձավ վարչապետի օգնական, իսկ հիմա գտնվելով հատակում, չի հասկանում, թե ինչ է դուրս տալիս, չի հասկանում, որ շուտով իր անհեթեթ մտքերի համար պատասխան է տալու: Նա, որ ասում է, թե թող անհետ կորած զինվորների հայրերը գտնեն իրենց որդիներին, որ հետ ֆեյերվերկ անենք, սենսացիա անենք, հատակում է այնպես, ինչպես անհետ կորած զինվորի հոր հագուստից քաշող ոստիկանը, բայց նրանցից ավելի խոր հատակում են ոստիկանապետը, որը նման հրահանգներ է տալիս, և նիկոլը, որը երկիրը հասցրեց այս վիճակին:

Երկիրը մի մեծ խելագարանոց է հիշեցնում: Գերիների ծնողները ճանապարհ են փակում, բայց լրագրողներին կոչ անում չլուսաբանել, այդպես էլ չհասկանալով, որ իրենց արածը ոչինչ է, եթե ակցիան չլուսաբանվի: Նրանց ևս մի դատեք, քանի որ երկիրը մի մեծ խելագարանոց է: Նախարարները, հատակում գտնվող նախարարներն իրար հերթ չտալով տափակություններ են դուրս տալիս, «մենիմ ադընընական» պատգամավորները մանևրում են ցինիզմի ու տափակության սահմանին, բոլորը գոռում են, բղավում են, իսկ երկիրը սուզվում է ջրի հատակը:

Անհնար է չխելագարվել այս երկրում: Անհնար է պահպանել հավասարակշռությունը մի երկրում, որտեղ վարչապետն այնքան ստոր է, այնքան անինքնասեր, այնքան ցածրակարգ, որ համառորեն հրաժարական չի տալիս, երկիրը ավելի ու ավելի խոր անդունդ նետելով: