Լրահոս
Հասարակական
16:16
02.02.22
145

Հ1-ը արձագանքում է ՄԻՊ-ին չլուսաբանելու մասին Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությանը

Img default alt hy

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր էջում հրապարակել էր Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի հայտարարությունը, որը դատապարտում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը երկար ժամանակ չլուսաբանելու քաղաքականությունը։ Մասնավորապես ասվում էր. «Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն»։

Հանրային Հեռուստաընկերության հանրության հետ կապերի բաժնից «ArmDaily.am»-ին տեղեկացրել են, որ որպեսզի ինստիտուտների և կազմակերպությունների տարընկալում չլինի՝ իրենք ուսումնասիրել են, թե ինչ կառույց է այդ գնահատականը հնչեցրել։

«Ուզում ենք նախ հստակեցնել, որ սա նախ ոչ թե Եվրոպական օմբուդսմենն է, որը հիմնադրված է Եվրոպական պառլամենտի կողմից, Եվրոպական միության կողմից, ոչ թե այդ կազմակերպությունն է, այլ հասարակական կազմակերպություն է՝ շահույթ չհետապնդող, անկախ կազմակերպություն է, որին անդամակցում է Հայաստանը, այսինքն՝ հայկական օմբուդսմենը։ Այնուամենայնիվ, սա Եվրոպական օմբուդսմենը չի։

Այնուամենայնիվ, թեկուզ սա հասարակական կազմակերպություն է՝ իհարկե մեզ մտահոգում է նրանց գնահատականը, քանի որ, կարծում ենք, որ այն հիմնված է միայն մեկ կողմից տրամադրված տեղեկատվության վրա, այսինքն՝ այս կառույցը այս հայտարարությունը անելուց չի փորձել ճշգրտել փաստեր Հանրային Հեռուստաընկերության հետ, Հանրային հեռարձակողի հետ։

Չգիտենք, թե ինչ մոնիթորինգի հիման վրա է նման գնահատական հնչեցվել և մենք պատրաստվում ենք իրենց գրություն հղել, նամակ հղել, որով կճշգրտենք, թե ինչ տեղեկատվության և ինչ աղբյուրների հիման վրա են իրենք ուսումնասիրություն արել և նման գնահատականի են հանգել, որովհետև մենք ունենք մեր աղբյուրները, մենք ունենք մեր հղումները, թե ինչպես ենք լուսաբանել մարդու իրավունքների խնդիրները և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի լուսաբանումը»,- ասել են հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հավելել են նաև, որ երբ իրենք կուսումնասիրեն, թե ինչ մոնիթորինգ է իրականացրել, ինչ ուսումնասիրություն է արել այս հասարակական կազմակերպությունը նման գնահատական տալու համար՝ այն ժամանակ նոր կկարողանան ամբողջական գնահատական տալ, թե որքանո՞վ էր հիմնավոր իրենց ուղղված գնահատականը։

«Այս պահին կարող ենք փաստել, որ Հանրային Հեռուստաընկերությանը հարցում չի արվել այդ կազմակերպության կողմից և մեր դիրքորոշումներն ու տեսակետները չեն ներկայացվել իրենց կողմից։ Հենց այդ նպատակով իրենց համապատասխան գրություն կուղարկենք, որպեսզի ճշտենք, թե ինչպիսի աղբյուրներից են օգտվել և թե ինչու մեր կարծիքը հաշվի չի առնվել էդ հայտարարությունը հրապարակային դարձնելուց առաջ»,- տեղեկացրել են Հանրային կապերի բաժնից։