Լրահոս
Հասարակական
16:00
18.02.21
56

Գյումրին այդպիսի այցերով չարժեր ցածրացնել. չի կարելի աղքատությունն օգտագործել քաղաքական նպատակներով. Վահան Թումասյան

Img default alt hy

Խնդիրն այն է, որ իշխանությունը ներկայացնում էր՝ Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի պետք է լիներ Շիրակի մարզից գերիների հարազատների, ծնողների հետ հանդիպման համար: Եթե նրանց այցը և հայտարարությունները միայն այս շրջանակում սահմանափակվեին, գուցե ինչ-որ կերպ հասկանալի լիներ կատարվածը, բայց նրանք նույնիսկ իրենց խոստումը դրժեցին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը` խոսելով երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի և տված նոր խոստումների մասին:

Ըստ Թումասյանի՝ այցը գուցե նպատակ ուներ հասկանալու, թե քանի մարդ է իրենց աջակցում, բայց նրա պնդմամբ՝ ամբողջ Հայաստանից մարդիկ հավաքեցին Գյումրիում, որպեսզի իրենց կողքին մարդիկ երևան: «Բոլորս էլ հասկանում եք, որ, եթե իշխանությունը հեռացող է և նրանց վարկանիշը հասել է նվազագույնին, ապա պետք չէ գնալ առանձին մարզեր, քաղաքներ, որ իրենց վարկանիշի չափը ստուգեն: Պետք չէ այդպես վարկաբեկել Գյումրին, հետևանքների մասին մտածո՞ւմ են: Երեկ այդտեղ 200 և մի փոքր ավելի մարդ էր հավաքվել, բայց Գյումրիից, գրեթե, մարդ չկար՝ 10-15 հոգի էր, նրանք էլ գնացել էին տեսնելու, թե ինչ է կատարվում կամ ինչ ծանոթ դեմք կա»:

«Սա է խնդիրը, Գյումրին այդպիսի այցերով չարժեր ցածրացնել, նա գնաց, բայց հետևանքները մնալու են քաղաքում: Չի կարելի աղքատությունը, թշվառությունը, վիրավոր լինելն օգտագործել իրենց քաղաքական նպատակներով: Այսպիսով, Գյումրիին ավելի շատ վնաս հասցրին, քան օգուտ տվեցին»,- ասաց նա և հավելեց, որ նույնիսկ, եթե գյումրեցիները մոտեցել են նրան կամ գովերգել, մեծամասամբ հեռուստացույց չունեն ու չգիտեն, թե ինչ է կատարվել երեք տարիների ընթացքում: «Հիմա մեկ կնոջ գովերգող խոսքերով ամբողջ Գյումրիի անունից որակում տալ, թե Գյումրին նրանց է աջակցում սխալ է, քանի որ այդ կինն այդպես է դիմում բոլորին»:

Վահան Թումասյանը նշեց, որ այս պատկերը ստացվել է նրանից, որ իշխանությունները երեք տարի խոստումներ են տալիս, բայց չեն կատարում: Ըստ նրա՝ որևէ կոնկրետ բան չի արվել Գյումրիի համար և վատն այն է, որ նրանք չեն էլ կարողանում ինչ-որ գործ մատնանշել: «Այցը ոչ մի կոնկրետ նպատակ չստացավ, ոչինչ չունեին ներկայացնելու, ոչինչ չունեին անելու, անգամ ոչինչ չունեին խոստանալու: Առհասարակ, երբ ուզում են ինչ-որ դրական բան անել, այս քայլերով չեն անում»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Գյումրին պետք է կառուցեն նորովի, Թումասյանը արձագանքեց՝ ի՞նչ ասել է նորովի, Գյումրին ինչպե՞ս պետք է նորովի կառուցեն: «Եկել են լոզունգներով: Ես համոզված եմ, որ որևէ մեկն այդ արտահայտությունը չի կարող բացատրել: Երեք տարի ոչինչ չանելով՝ հիմա «նորովի են կառուցելու»: Այս ընթացքում միայն մի քանի փողոց է ասֆալտապատվել, վերջիններիս ծրագիրն էլ 7-8 տարվա պատմություն ունի և նախկին իշխանությունների ժառանգությունն էր»:

Նա նշեց նաև, որ Կառավարության հետ հանդիպումների առիթից կարող էր օգտվել նաև տեղական իշխանությունները և կարող էին ներկայացնել, մարզն ինչի կարիք ունի կամ որևէ առաջարկներ ներկայացվեր: «Եթե առիթը ստեղծվել էր, կարող էին պահանջ ներկայացնել: Նորմալ ղեկավարն իր ժողովրդին աղքատության մեջ մեկ րոպե չէր թողնի, բայց այս ամենի ֆոնին նա միայն խոսում է լոզունգներով»: