Լրահոս
Մամուլի տեսություն
10:21
24.10.24
307

Գուրգեն Արսենյանը տագնապ է զգացել․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի գրասենյակի դիմաց տեղադրված պայթուցիկի գործով, բնականաբար, հարցաքննվել է նաև ինքը՝ Արսենյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արսենյանի տված ցուցմունքը ևս, որտեղ նա քննիչին ասել է՝ «Այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր»:

Դեռևս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաև ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին և Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է ։

ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին քաղաքացին գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք. սակայն Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմի՝ հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի և «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ստորև՝ Գուրգեն Արսենյանի ցուցմունքը. «Որքանով հիշում եմ՝ 2020 թվականի փետրվարի 20-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ստացել եմ հաղորդագրություն ինչ-որ «ֆեյք» էջից, որում, մասնավորապես, ասվում էր. «Հը՞ն, ո՞նց էր, պայթյունը դուրդ եկա՞վ…..»: Ես ուշադրություն չեմ դարձրել այդ հաղորդագրությանը և արգելափակել եմ այդ էջը, դրանից հետո՝ փետրվարի 22-ի երեկոյան, գնացել եմ Գյուլբենկյան 33 հասցեի գրասենյակային տարածք և այնտեղ տեսել եմ պայթուցիչի գլանակներ, մանեկներ, էլէկտրոնային ժամացույցի մեխանիզմ: Հարցրել եմ, թե դա ինչ է, գրասենյակի աշխատակից Սերգեյ Կարապետյանը ասել է, որ այն երկու օր առաջ է գտել գրասենյակի դիմացի ծառի տակից, բերել է գրասենյակ ու սկսել է քանդել: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա պայթուցիկ սարք է, ու անմիջապես զանգեցի, հրահանգեցի, որ այդ մասին հայտնեն իրավապահներին:

ՀԱՐՑ. Ի՞նչ տվյալներով գրանցված օգտատիրոջից եք ստացել նշված հաղորդագրությունը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա պահին չեմ հիշում, բայց գիտեմ, որ նույն անձի կողմից նմանատիպ հաղորդագրություններ ուղարկվել են նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին և Ռոմանոս Պետրոսյանին:

ՀԱՐՑ. Ո՞ւմ եք կասկածում կատարված հանցագործության համար:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես որևէ մեկին չեմ կասկածում, թշնամիներ չունեմ:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Գարուշի Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Արշակի Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը և Վահագն Հովհաննիսյանը կատարել են հիշյալ ահաբեկչությունները, ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, եթե այո, ապա որքան ժամանակ է, որ ճանաչում եք, ինչ հանգամանքներում եք ծանոթացել և ինչ հարաբերություններ ունեք վերջիններիս հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման տվյալներով անձանց չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչություն կատարողները թիրախավորել են հենց Ձեզ և ԱԺ պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես և Գուրգեն Մելքոնյանը ԱԺ 8_րդ գումարման պատգամավորներ ենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, մեզ՝ երկուսիս, միայն դա է միավորում:

ՀԱՐՑ. Երբ տեղեկացաք, որ ահաբեկչությունը եղել է Ձեր դեմ, այդ ժամանակ Ձեր կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության առաջացման պատճառ եղե՞լ է, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Երբ ես տեսա՝ այդ սարքավորումները մեր գրասենյակում են, հենց այդ ժամանակ էլ տագնապ զգացի՝ հասկանալով, թե ինչ կարող էր լինել, եթե դա պայթեր:

ՀԱՐՑ. Ճանաչո՞ւմ եք Գարեգին Վանեսյան տվյալներով անձին, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման անձի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը և գույքին սպառնացող գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման գործողություններ իմ նկատմամբ երբևէ չեն կատարվել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: