Լրահոս
Միջազգային
13:00
24.10.24
172

Գնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը․ Չինաստանի նախագահ

Img default alt hy

Չինաստանը ողջունում է Իրանի լիիրավ մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը և պատրաստ է համատեղ ջանքերով նպաստելու ավելի արդար աշխարհակարգի հաստատմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը հոկտեմբերի 23-ին Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

«Ողջունում եմ Իրանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի ղեկավարների հանդիպմանն առաջին անգամ որպես պաշտոնական անդամ…. ՉԺՀ-ն պատրաստ է ամրապնդելու համագործակցությունն Իրանի հետ ԲՐԻԿՍ-ի և այլ բազմակողմ կառույցների հարթակում՝ էլ ավելի ուժեղացնելու գլոբալ Հարավի ազդեցությունն ու ձայնը, նպաստելու միջազգային կարգի զարգացմանն ավելի արդարացի և ռացիոնալ ուղղությամբ», - ասել է Չինաստանի ղեկավարը:

Նա նշել է, որ Իրանը Չինաստանի «լավ բարեկամն ու գործընկերն է», որը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և միջազգային ասպարեզում։ 

«Աշխարհում դինամիկ դարակազմիկ փոփոխությունների ֆոնին գնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»,- ընդգծել է նա։

Սի Ծինփինի խոսքով՝ Պեկինը մշտապես կամրապնդի բարեկամությունն ու համագործակցությունը Թեհրանի հետ՝ անկախ աշխարհում տիրող իրադրությունից։ Նա հիշեցրել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին պետական ինքնիշխանության, անվտանգության և ազգային արժանապատվության պաշտպանության գործում։

Ինչպես պարզաբանել է Սի Ծինփինը, ՉԺՀ-ն շահագրգռված է Իրանի հաջող սոցիալ-տնտեսական զարգացման, հարևան պետությունների հետ նրա հարաբերությունների բարելավման հարցում։ 

Չինաստանի ղեկավարը նաև անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրադությանը։ Նա մատնանշել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը՝ միջազգային հանրության աջակցությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան: