Լրահոս
Հասարակական
14:06
03.02.26
290

Գիտե՞ք՝ ինչ տեսակ նեղության ընկեր են գնդերեցները եղել բանակում. ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը. Տեր Մանուկ

Img default alt hy

Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ժամանակին ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ Սուրեն Պապիկյանի այս որոշումը հոգևոր առումով շատ մեծ վտանգ է ներկայացնում բանակի համար։

«Բանակի հոգևոր սպասավորությունը իր ծառայությունը մատուցել է կատարյալ։ Ինքնախեղման, սպանությունների, բազմաթիվ վեճերի կանխմանը գնդերեցները անմիջական մասնակցություն են ունեցել՝ իրենց բարի խրատներով ու խորհուրդներով ու, թույլ տվեք այսպես ասեմ, գնդերեցը միշտ թև ու թիկունք է եղել և՛ սպային, և՛ զինվորին։ Այն զորամասերում, որտեղ գնդերեց է ծառայել, զորացրվելուց հետո էլ և՛ գնդերեցի, և՛ զինվորի, և՛ որոշ սպաների կապը միշտ պահպանվել է, որովհետև կապը եղել է իրապես հոգևոր խղճի, բարոյականության, ազնվության, եղբայրասիրության, մարդասիրության վրա հիմնված, բայց այս ամենի լրումը հայոց հայրենիքն ու հայոց բանակը սիրելու կապ է եղել»,- նշեց Տեր Հայրը։

Տեր Մանուկն ընդգծեց՝ 20 ու ավելի տարիների մեջ անհնար է գտնել մեկ գնդերեցի անուն, որ լավ չի ծառայել, իսկ այս ամենի հեղինակը, Տեր Հոր խոսքով, Մայր Աթոռն է եղել։

«Եղել է Ամենայն Հայոց Հայրապետը, այդ դաստիարակությունը հոգևորականները ստացել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, դպրանոցներում ու այդ դաստիարակությամբ գնացել ու իրենց ազնիվ ծառայությունն են մատուցել հայոց բանակին»,- նշեց Տեր Մանուկը։

Տեր Հայրն ընդգծեց՝ այս որոշմամբ ՊՆ-ն բացեց դառնության էջը՝ փակելով հոգևոր էջը։

Պատերազմի օրերին էլ հոգևորականները ամենայն պատասխանատվությամբ ու ամենայն նախանձախնդրությամբ ծառայել են՝ հետևելով բոլոր զինվորներին, որ հանկարծ չլինի այնպես, որ մեկ զինվոր անտեսվի։

«Քաջալերել ենք՝ Վարդանանց ու Ղևոնդյանց սուրբ նահատակ քահանաների ոգին տալով մեր բանակին, հայ գնդերեցը փորձել է ամեն ինչ անել՝ ի նպաստ ու ի շահ հայոց բանակի, հայոց պետության։ Մենք սիրում ենք մեր երկիրը, ես անկեղծ եմ ասում՝  հայ հոգևորականն այնպիսի դաստիարակություն է ստանում ճեմարանում, որ, առաջին հերթին, հոգևոր սնունդի հետ մեր երակների մեջ ներմուծվում է նաև հայրենիքը սիրելու գաղափարը»,- նշեց Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։

Այս որոշումը չի խանգարելու, որ հայ հոգևորականը շարունակի իր աղոթքը հայոց բանակի, հայ զինվորի համար։ Տեր Մանուկն ասում է՝  թեկուզ բանակից դուրս, բայց ամեն ինչ պետք է անել, որ բանակն ամուր մնա. «Ցավալիորեն հիմքերը խախտվել են»։

Հիմնավորումը, թե պարտադիր չէ, որ բանակում քարոզիչները լինեն հոգևորականի համազգեստով, Տեր Մանուկը՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես Հայ եկեղեցու զավակ, որպես 20 տարվա օծյալ քահանա, որպես նախկին գնդերեց, հարց է բարձրացնում՝  իրավունք ունի՞ եզրակացնելու, որ, օրինակ, որևէ աղանդավորական կազմակերպություն հայտ է ներկայացրել, որ գնան ու դառնան բանակի քարոզիչ։

Այսուհետ նաև կարգալույծները կարող են բանակում ծառայություն իրականացնել, Տեր Մանուկը նշում է՝ այս պարագայում մի քիչ հանգիստ է իրենց խիղճը, քանի որ կարգալույծները հոգևոր կրթություն ստացել են. «Մենք մի ծոցից ենք դուրս եկել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։