Լրահոս
Արցախ
17:14
16.02.21
70

Գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ցրվածություն կա, պետք է մեկ միասնական բազա ստեղծվի. Արա Զոհրաբյան

Img default alt hy

Հետպատերազմյան ժամանակահատվածում առնչվելով մեր հայրենակիցների խնդիրներին՝ հասկացանք, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց որոշ խնդիրներ չեն լուծվում կամ լուծվում են դանդաղ, և նախաձեռնեցինք մեկ ուղեցույց՝ ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների և լուծման ուղիների վերաբերյալ: tert.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Խոսելով խնդիրներին մասին՝ Զոհրաբյանը նշեց, որ այս ընթացում արձանագրել են անհայտ բացակայող ճանաչելու դատական գործընթացի բարդություններ: Նախկինում քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու համար օրենսդրորեն առնվազն մեկ տարի պետք է նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չլիներ, սակայն հիմա Քաղաքացիական Օրենսգիրքը փոփոխության է ենթարկվել և սահմանվել է երեք ամիս.

«Հաշվի առնելով պատերազմի փաստը՝ եթե զինծառայողը մասնակցել է պատերազմական գործողությունների և չի վերադարձել, օրենսդրությունը թույլ է տալիս, որ ընտանիքի անդամը դիմի դատարան, և նա ճանաչվի անհայտ բացակայող, սակայն խնդիրը նրանում է, որ սահմանված չեն ժամկետներ, թե դատարանը ի՞նչ ժամկետներում պետք է վճիռ կայացնի, և հաշվի առնելով դատարանների ծանրաբեռնվածությունը` դա խնդիր է: Մենք առաջարկում ենք նաև որոշակի ժամկետներ սահմանել, պետական մարմնին թույլ տալու, որ դիմի դատարան, օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը դիմի դատարան և ասի, որ այս խումբ անձանց ճանաչել անհայտ բացակայող»:

Մյուս խնդիրը, ըստ նրա, անհետ բացակայող ճանաչելու նպատակով դիմումների համար սահմանված պետական տուրքի վճարն է, իրենց առաջարկությամբ, եթե անհայտ բացակայողը պատերազմի մասնակից է, ապա քաղաքացին պետք է պետտուրքի վճարումից ազատվի:

 «Մյուս խնդիրը զինծառայողների, գերեվարված կամ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ցրվածությունն է: Այս պահին կան մի քանի մարմիններ, որ զբաղվում են այդ հարցերով, օրինակ՝ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը գերեվարման կամ անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում, կա գերատեսչական հանձնաժողով, որը ստեղծվել է մինչ պատերազմը և կան քննչական մարմինները, բայց չկա միասնական մեկ բազա, որ այդ տեղեկությունները հավաքվեն և ուղղորդվեն: Մենք կարծում ենք, որ պետք է ստեղծվի մեկ պետական իրավասու մարմին, որին կտրվի լիազորություն այդ  ինֆորմացիաները հավաքելու, և իրավունք կունենա նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկությունից վերցնի և մեկ միասնական բազա ստեղծի»,- ընդգծեց նա:

Նախագծով առաջարկվում է նաև, որ այն զինծառայողը, որը հաշմանդամություն չի ստացել, սակայն պատերազմի պատճառով առողջական խնդիրներ ունի, նրանց ներառել որոշակի ծրագրերում: Աջակցություն տրամադրել նաև գերեվարված անձանց ընտանիքների: