Լրահոս
Հասարակական
16:54
05.05.22
828

Ֆեյսբուքում լայք դնելու համար Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատվել են

Img default alt hy

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ԵՀ,ԳԿ եւ Գովազդի բաժնի գլխավոր մասնագետներ Արթուր Ղազարյանը եւ Հովհաննես Օհանյանն աշխատանքից ազատվել են ֆեյսբուքյան իրենց էջերում քաղաքական բնույթի գրառումները հավանելու համար։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Ղազարյանը պատմեց, որ իրեն աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, նշելով, որ եթե ինքն աշխատանքից ազատելու որոշում չկայացներ, ապա իրեն էին ազատելու աշխատանքից.

«Ոչ աշխատանքային ժամերին ես իմ ֆեյսբուքյան էջով լայքել եմ մի գրառում։ Ըստ նրանց՝ արտահայտել եմ իմ քաղաքական հայացքները։ «Սրիկա չեն լինում, սրիկա ծնվում են» ռեժիսոր Մհեր Մկրտչյանի այս գրառումն եմ լայքել, որը հիմք ընդունելով, երեւի իրենք իրենց վրա են վերցրել եւ ազատել ինձ աշխատանքից։ 20 տարվա համայնքային ծառայող եմ, մի հատ նկատողություն չունեմ, միշտ խրախուսվել եմ ղեկավարության կողմից»։

Արթուր Ղազարյանն ասաց, որ դատարանում վիճարկելու է այդ որոշումը. «Իրենք ապօրինի են ինձ աշխատանքից ազատում։ Խախտում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը։ Ես իրավունք ունեմ ունենալ քաղաքական համոզմունքները։ Ի վերջո, ես մեր երկրի քաղաքացի եմ եւ չեմ կարող անտարբեր մնալ շուրջս կատարվող այս իրադարձություններին»։

Հովհաննես Օհանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ֆեյսբուքյան իր էջով ոչ միայն հավանել է քաղաքական բնույթի մի քանի գրառումներ, այլ նաեւ մասնակցել ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին. «Ինձ աշխատանքից ազատել են քաղաքական հայացքներ ունենալու համար։ Ես «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու ցուցակում եմ ընդգրկված։ Սա քաղաքական հետապնդում է»։