Լրահոս
Հասարակական
15:57
03.02.22
2 216

«Եզդի զինվորին չեն պարտադրել սանհանգույցը մաքրել». ծառայակիցը մանրամասներ է պատմում

Img default alt hy

Շարքային զինծառայող Վլե Ֆերոյանը, ով բանակ է զորակոչվել հունվարի 31-ին, մեկ օր անց անհետացել է Կապանի N զորամասից։ 18-ամյա շարքային զինծառայողի տատիկը՝ Ռոզա Ֆերոյանը, «News.am»-ի հետ զրույցում պատմել է, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, որի պատճառով սպաները ծեծել են նրան։

«Ամսի 1-ին երեխային սկսել են նեղացնել։ Ստիպել են, որ սանհանգույցը մաքրի, ավելը ձեռքն են տվել, ասել են, թե դու եզդի ես, պետք է դա անես։ Իր հետ եղել է նաև մեկ այլ եզդի, նույն վերաբերմունքը նաև նրա նկատմամբ է եղել, ծեծել են։ Նույնիսկ չեն թողել ճաշարան մտնեն, հաց ուտեն, էդ ցրտին դրսում են մնացել»,- պատմել է Ռոզա Ֆելոյանը և հավելել, որ թոռն անհետացել է զորամասից փետրվարի 1-ի երեկոյան և այդ մասին իմացել են եզդի մյուս ծառայողից։

Զորամասից, սակայն, լրատվականի հետ զրույցում հերքել են Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմել է, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը և չի մաքրել իր ննջարանը։

«Վլե Ֆերոյանը հրաժարվել է թե՛ կրել զինվորական հագուստ, թե՛ մաքրություն կատարել իր ննջարանում։ Վլեին չի պարտադրվել սանհանգույց մաքրել, այլ ասվել է՝ միայն ննջարանը մաքրիր։

Մեր զորամասում զինվորները սանհանգույց չեն մաքրում։ Նրան չեն ծեծել, ես հերքում եմ նաև այն տեղեկությունը, թե իբր Վլեին և մյուս եզդի զինծառայողին չեն թույլատրել հաց ուտել։

Մինչև բուն տարաձայնությունները, չթույլատրված ժամին զորամաս է այցելել Վլեի եղբայրը և ասել նրան՝ արա այնպես, ինչպես դու ես ուզում, իսկ հետո կապիտան Արմեն Ավագյանին են հանդիպել Վլեի այլ հարազատները և խնդրել, որ նա թույլատրի Վլեին քնել այդ ննջարանում, չնայած նրան, որ կապիտանն ասել էր՝ պետք է մաքրություն անի, որ այդտեղ քնի, ասել է՝ հաջորդ օրը մենք կգանք, իր հետ կխոսենք, ինքը կլինի բոլորի նման։

Հենց այդ նույն օրը կապիտան Ավագյանը զորքին շարել է եւ ասել՝ եթե դուք համաձայն եք, որ այս զինվորը ինտեգրվի ձեր շարքերը տեղի ունեցածից հետո, մեկ քայլ առաջ եկեք, բոլորը բացի Վլեից, մեկ քայլ առաջ են եկել։

Նրանց միջև տարաձայնություն է սկսվել, բայց ծեծ չի եղել։ Վլեն անհարգալից է խոսել հրամանատարի հետ։ Ինչ վերաբերում է մյուս եզդի զինծառայողին, ապա նա նույնպես սկզբում չէր ենթարկվել կապիտան Ավագյանին, բայց նրա հետ զրույցից հետո ինտեգրվել է մեր շարքերը։

Երեկոյան արդեն Վլեն պատի վրայով փախուստի է դիմել զորամասից, այդ ժամանակ գլխից ընկել է գլխարկը, հենց այդտեղից ենք ենթադրում, որ այդ հատվածից է փախուստի դիմել։ Նրան ոչ ոք չի տեսել, որովհետեւ այդ ժամին մյուս ծառայողները լոգարանում են եղել։ Մինչև այս պահը Վլեից որևէ տեղեկություն չունենք»։