Լրահոս
Արցախ
21:33
24.03.22
1 470

Եթե թշնամին գրավի Քարագլուխ բարձունքը, դա կբերի շատ ծանր վիճակի. Գաբրիելյան

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ եթե հանկարծ Ադրբեջանը գրավի այն, այնտեղ կա հովիտ, որտեղից երևում է բոլոր բնակավայրերը՝ Ասկերանի բոլոր գյուղերից մինչև Ստեփանակերտը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։

«Փառուխը շատ փոքր բնակավայր է և ադրբեջանցիները պատահական չեն ընտրել այդ գյուղը, որովհետև այդտեղից ճանապարհն ուղիղ տանում է Քարագլուխ բարձունքը։ Նախ և առաջ իրավունք չունենք թույլ տալու, որ Ադրբեջանը գրավի այն, քանի որ բարձունքի գրավումն իր հետևից բերելու է շատ ծանր վիճակի։

Քարագլուխը ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ տղաներն արյան գնով պահել են այն», ասել է Ալյոշա Գաբրիելյանը։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ այսօր ժամը 16:00-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր, անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն այս պահին կայուն է:

Իր հերթին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ադրբեջանական ստորաբաժանումները ներթափանցել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի ուղղությամբ և առաջ շարժվելու մեծ սպառնալիք կա։ Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»։

Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար Ալյոշա Գաբրիելյանի խոսքով՝ ադրբեջանցիներն օգտվում են Ուկրաինայում պատերազմից և սրում են իրավիճակը։ «Իմ ցանկությունն է, որ համաժողովրդական պայքարի շարժում սկսվի, ժողովուրդը հասկանա, որ մեր երկրի տերը մենք ենք, մեր ուժերին պետք է վստահենք, թուրքերն օգտվում են ռուս–ուկրաինական պատերազմից և փորձում են իրենց սև գործն անել։ Ռուսներն ի վիճակի են լինելո՞ւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծել, կասկածում եմ»,- ասել է Ալյոշա Գաբրիելյանը։