Լրահոս
Քաղաքական
16:34
05.11.22
207

Ես այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից․ Թևանյան

Img default alt hy

Ֆրանսիայի հրապարակում ընթացող միասնության հանրահավաքին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ասել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, 
 
Ես այսօրվա հանրահավաքին եկել եմ որդուս՝ Նորայրի հետ։ Իր ձեռքին արցախցի փոքրիկ աղջնակի լուսանկարն է՝ ի նշան մեր միասնության, համերաշխության։ Եկեք բարձր ծափահարություններով ողջունենք Արցախի մեր հայրենակիցներին ու ասենք, որ իրենց հետ ենք, իրենք միայնակ չեն։ 
 
Այս երեխան Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքին մասնակցում էր «Ես քո՛ զավակն եմ, Հայաստա՛ն» գրությունը ձեռքին։ Ուշադրությո՛ւն դարձրեք, գրության մեջ շեշտերը դրված են «քո»-ի և «Հայաստան»-ի վրա։ Արցախցին խնդրում է, պահանջում, ճիչ արձակում, որ իրեն Հայաստանը որբանոց, ավելի ճիշտ՝ սպանդանոց չհանձնի, քանզի ինքը Հայաստանի՛ զավակն է, ոչ թե Ադրբեջանի։ 
 
Հայկական ընտանիքում երեխան ամեն ինչ է, մենք պաշտում ենք մեր երեխաներին։ Երեխան մեր շարունակության երաշխավորն է։ Մեզ հիմա ուզում են այլասերել։ Հիմնավորում են, որ պետք է հանձնել երեխային թշնամուն, որպեսզի ծնողները խաղաղ ու լավ ապրեն։ Սա խայտառակություն է և անբարոյականություն։ Հայաստանը վերածնվել է Ղարաբաղյան շարժումից ու չի կարող ադրբեջանական սպանդանոց հանձնել իր մինուճարին։ 
 
Եկեք ուրեմն ևս մեկ անգամ ծափահարություններով ողջունենք արցախցի մեր քույրերին ու եղբայրներին՝ խոստանալով, որ մենք նրանց չենք լքելու, քանզի մայր Հայաստանը չպետք է հանձնի իր Արցախին և գնա ինքնաոչնչացման։ 
 
Հարգելի՛ հայրենակիցներ, 
 
Հայ ժողովուրդը ծանր ու ամոթալի վիճակի մեջ է հայտնվել: Մենք հիմա լինել-չլինելու խնդրի առաջ ենք կանգնած: 
 
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը ամենանվազագույն հաշվարկներով արժեցել է 3 զինվորի կյանք։ Դա նշանակում է, որ մենք ամեն ամիս կորցրել ենք 3-ից 4 դպրոցավարտ դասարան, ու սա վերջ չունի։ Երեխաներին մեծացնում ենք, ուսման ենք տալիս ու 18 տարեկանում հանձնում Նիկոլին։ Նա էլ նրանց հանձնում է հողին կամ թողնում մարտի դաշտում՝ անթաղ, որ հետո ընտանյոք հանդերձ դիվային տեքստեր գրեն այդ թեմայով։ 
 
Ժողովո՛ւրդ ջան, 
 
Ես Ձեզ հետ մաքսիմալ անկեղծ եմ խոսելու և ակնկալում եմ փոխադարձ ըմբռնում։ 
 
Ես շատ լավ գիտեմ ձեր բոլորի սպասումները, հարցերը՝ բա ե՞րբ, բա ինչպե՞ս, բա ինչքա՞ն, բա վերջը՞․․․ 
 
Այն, որ Հայաստանը դեռ պարտության դեմքով է ներկայացված, միջազգային մասշտաբի խայտառակություն է։ Այս ամենի համար մեղքի իր մեծ բաժինն ունեն խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ամենաշատը քննադատության է արժանանում խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ տիտղոսային ընդդիմությունը, ինչը բնական է և հասկանալի․ ում ավելի շատ քվե եք տվել ու ավելի շատ եք վստահում, նրանից էլ ամենաշատն իրավունք ունեք պահանջել և երբ սպասելի արդյունքը չի լինում, հենց նրանից էլ ամենաշատը կարող եք դժգոհել։ Ես գիտեմ, որ այդ դժգոհությունը բարեկամական է և սրտացավությունից է բխում։

Կան բացթողումներ, բայց մյուս կողմից էլ հնարավոր չէ չգնահատել այն պայքարը, որ տևական ժամանակ մղում է նույն խորհրդարանական ընդդիմությունն իր գործընկերների հետ։ Ամիս ու կես, 24–ժամվա ռեժիմով պայքարի ընթացքում եղել են կալանքներ, բախումներ։ Մարդիկ չեն կոտրվել, գիշերը ցերեկ են արել։ Փառք ու պատիվ բոլորին։ 
 
Չնկատել շարժման անկեղծ պայքարն ու ձեռքբերումները, արդար չէ։ Մյուս կողմից՝ շարժումը պարտավոր է ընդունել օբյեկտիվ քննադատությունն ու դասեր քաղել սեփական սխալներից։ 
 
Ընդդիմադիր քաղաքական ուժերը միմյանց քննադատում են ավելի կամ պակաս մեղավոր լինելու համար, սոցցանցերում երբեմն «վիրտուաl ձեռնամարտեր» են մղվում, բայց դա կոնտրպրոդուկտիվ է ու ոչ մի տեղ չի տանում։ Ի՞նչ իմաստ ունի միմյանց թիրախավորելը, եթե կա գլխավոր ու միակ թիրախը։ 
 
Պետք է դուրս գալ այս վիճակից ու միասնաբար պայքարել՝ մի կողմ դնելով բոլոր մանր տարաձայնությունները, կապրիզները, ամբիցիաները։ 
 
Սիրելի՛ գաղափարակիցներ, պայքարի մարտիկնե՛ր, 
 
Դուք օրերով, ամիսներով, տարիներով պայքարել եք ու միակ սուբյեկտն եք, որ իրավունք ունեք բոլորին քննադատել ու բոլորից պահանջել։ Դուք արժանի եք հարգանքի ու հաղթանակի։ Նիկոլի պաշտոնավարմամբ պայմանավորված ձեր դժգոհությունը ընդդիմադիր քաղաքական ուժերից մարդկային է և օբյեկտիվ։ Ու որպեսզի առանձին մեղավորների չփնտրենք և թեման փակենք, ես այսօրվա վիճակի համար քաղաքական ուժերի փոխարեն ներողություն եմ խնդրում ձեզանից։ ժողովո՛ւրդ ջան, կներե՛ք»։