Լրահոս
Իրավական
21:00
17.10.22
93

Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի. փաստաբան. «News.am»

Img default alt hy

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքը կաշառքի հետ կապ չունի։ Այս մասին «News.am»-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանի գործընկեր, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը։

«Մեղադրանքը վերաբերում է պաշտոնատար անձի պաշտոնեական լիազորությունների կապակցությամբ օժանդակությանը։ Կաշառք վերցնելու մասին տվյալ վարույթում չկա։ Դա հերյուրանք է, այն, ինչին որ հասցրել ենք ծանոթանալ, կաշառքի մասին խոսք առհասարակ չկա։ Այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը։

Ալեքսանյանի գործընկերը պատմեց, որ Ալեքսանյանին իրավապահները բերման են ենթարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի շենքի բակից՝ բիրտ ուժ կիրառելով. «Սա փաստաբանին լռեցնելու միջոց է։ Նրա գործունեությունն է խոչընդոտվում, սա ոչ այլ ինչ է՝ քան քաղաքական պատվեր։ Ալեքսանյանին բերման են ենթարկել այս իշխանությունների բնորոշ եղանակով, այսինքն՝ ասֆալտին պառկեցնելով և այլն»։

Փաստաբանը վստահեցրեց, որ Ալեքսանյանն անօրինական որևէ գործողություն չի կատարել. «Գաղտնիք չէ, որ ես ու Էրիկ Ալեքսանյանը միասին ենք գործունեություն ծավալում։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս տարիների աշխատանքի արդյունքում չկա որևէ մի բան, որը անօրինական տեղի ունեցած լինի։ Այն անձինք, որոնք ներքաշված են այս կազմակերպված անօրինականությանը, անպայման պատասխանատվության են ենթարկվելու»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս քրեական վարույթով անցնում է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։