Լրահոս
Հասարակական
12:45
12.02.26
252

Երևանում 68-ամյա կինը փայտի վառարանը վառելիս այրվածքներ է ստացել․ պայքարում են նրա կյանքի համար

Img default alt hy

Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք բոցով, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների շրջանում մոտ 40 տոկոս մարմնի մակերեսի ինհալացիոն վնասվածք, ծայրահեղ ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժօգնության տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ 68-ամյա Լաուրա Մ․-ն է, ով կատարվածի մասին բացատրություն տալ չի կարող, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկաններին տուժածի 32-ամյա որդին հայտնել է, որ նույն օրը տանը վառարանը փայտով վառելու համար իր մայրն օգտագործել է յուղով և բենզինով պատրաստված վառելանյութ, որի արդյունքում առաջացած կրակը վնասել է նրան։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։