Լրահոս
Իրավական
18:08
30.12.22
93

«Եռաբլուրում» զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ուժ գործադրած ոստիկանների մեղքն ապացուցող բավարար տվյալներ արդեն ձեռք են բերվել․ «Փաստինֆո»

Img default alt hy

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ վարույթի շրջանակներում իրավապահները բավարար ապացույցներ արդեն իսկ ձեռք են բերել՝ ոստիկանության համապատասխան ծառայողների կարգավիճակը հստակեցնելու համար, հայտնում է «Փաստինֆո»-ն։ Չի բացառվում՝ առաջիկայում նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։

Հատկանշական է, որ ՔԿ-ին տևական ժամանակ, իբրև, չէր հաջողվում նույնականացնել ոստիկանության այն ծառայողներին, որոնք բռնություն էին գործադրել ծնողների նկատմամբ, թեև նրանց գործողություններն արձանագրվել են տեսագրություններով։ Ի վերջո, իրավապահներին հաջողվել է նույնականացնել նրանց, հարցաքննել, ապա՝ առերեսել զոհված զինծառայողների ծնողների հետ։ Ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ առերես հարցաքննություն իրականացվել է հինգ ծնողի մասնակցությամբ, հնարավոր է՝ հունվարին շարունակեն, թեև հետագայում առերեսումներ իրականացնելու անհրաժեշտություն կարող է և չլինել, քանի որ ոստիկանության ծառայողների մեղավորությունն ապացուցելու համար բավարար ապացույցներ արդեն ձեռք են բերվել։ Չի բացառվում, որ նախաքննական մարմինն առաջիկայում մեղադրանք առաջադրի ոստիկանության ծառայողներին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեև տեսանյութերում պարզ երևում է, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել․ նախ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաև՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչը հետագայում հաստատվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։