Լրահոս
Հասարակական
16:48
25.04.22
361

ԵՊՀ նախկին ռեկտորը դրական է գնահատում նոր փուլ թևակոխած պայքարի գործողությունը

Img default alt hy

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատել Ազատության հրապարակում մեկնարկած և այսօրվանից երկրորդ փուլ թևակոխած պայքարի գործողությունը։

Հասարակությունը, ըստ նրա, չի կարող ամեն ինչի նկատմամբ անտարբեր լինել և ինչ-որ փուլում ոտքի է կանգնում։

«Մեր երկիրն այժմ այնպիսի շրջան է թևափոխել, երբ հասարակությունը խոր ճգնաժամ է ապրում։ Ամենավտանգավորն անտարբերությունն է ուզածդ հարցի նկատմամբ, սակայն հասարակության անտարբերությունը դեռ լիովին չի «կոտրվել», քանի որ, կարծում եմ, այն շատ խորն է մտել մեր ժողովրդի ու նաև երիտասարդության որոշակի շրջանակների մեջ։

Այդ անտարբերությունը բազմաթիվ գործոնների հետևանք է՝ հիասթափության, համարվողականության և այլն»,- «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արամ Սիմոնյանը, որն, ի թիվս այլ գործիչների, միացել է Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։

ԵՊՀ նախկին ռեկտորի խոսքով՝ հայ երիտասարդների որոշ մասն այսօր էլ շարունակում է անհաղորդ մնալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչը շատ դեպքերում անգրագիտության, կրթվածության պակասի և հեղհեղուկ աշխարհընկալման հետևանք է։

«Իհարկե, խելացի և բանիմաց երիտասարդություն ևս ունենք, որն իր օրինակով կարող է ազդել իր շրջապատի վրա, բայց դա նրա խնդիրը չէ, խնդիրը հասարակությանն է»,- ասել է Սիմոնյանը։

Հարցին՝ ի՞նչ վերջնարդյունք կարող է ունենալ օրեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի նախաձեռնությունը, Արամ Սիմոնյանը դժվարացել է կոնկրետ պատասխան տալ՝ նշելով, որ ամեն բան կախված է այն բանից, թե իր ամենօրյա գործունեության մեջ ինչպես իրեն կդրսևորի հասարակության յուրաքանչյուր անդամ։

«Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի պարտականություն ու պարտավորություն՝ հասարակության, հայրենիքի և ժողովրդի նկատմամբ, և պայքարի ելքը կախված է այն բանից, թե ամեն մեկս ինչպես կկարողանանք կատարել մեր պարտականությունները։

Յուրաքանչյուր մարդ պետք է արժանավայել կերպով դրսևորվի հասարակության մեջ՝ իր աշխատանքի, իր վաստակի ձևով. միայն դա կարող է բերել ցանկալի արդյունքի»,- ասել է Արամ Սիմոնյանը։