Լրահոս
Միջազգային
13:27
24.02.22
352

Դոնբասում իրադարձությունների պատճառով տուժած հայեր չկան. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Img default alt hy

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում ապրող հայերի շրջանում մինչև փետրվարի 24-ի առավոտ, երբ այդ հատվածում ակտիվ ռազմական գործողություններ են սկսվել, տուժած, վիրավոր հայեր կամ նրանց պատկանող ավերված շինություններ չկան։

«Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ, հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

«Ռուս-ուկրաինական հարաբերությունների լարման ֆոնին ավելի ենք ակտիվացրել մեր կապը Ուկրաինայի համայնքային կազմակերպությունների, անհատների հետ։ Մասնավորապես վերջին շաբաթում թե՛ Լուգանսկի, թե՛ Դոնեցկի և թե՛ հարակից շրջանների համայնքների մեր հայրենակիցների հետ օրական մի քանի անգամ ենք կապի մեջ եղել»,- նշել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով` Դոնեցկում հայերի համայնքը մեծ է, ներկայում էլ նրանց թիվը կազմում է շուրջ 25 հազար, իսկ Լուգանսկում` 2-3 հազար։ Ալեքսանյանը շեշտեց, որ Դոնբասում կան հայկական կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցի, համայնքային կազմակերպություններ։

Սփյուքի հանձնակատարի գրասենյակն ակտիվ կապի մեջ է այդ տարածքում գտնվող հայերի հետ, մինչ այս պահը Հայաստան տարհանվելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել։ Նման հայտեր ստանալու դեպքում գրասենյակը Ուկրաինայում ու Ռուսաստանում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների և ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ ջանքերով կփորձի հարցը կարգավորել։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը անդրադարձավ նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց փաստաթղթերին վերաբերող հարցերին։ Նա ընդգծեց, որ մինչև 4-5 օր առաջ հյուպատոսական ծառայություններ մատուցվել են հայերին, և այն անձինք, որոնք փաստաթղթերի շտկման կարիք ունեին, իրականացրել են այդ գործողությունները։

«Զգալի մասն էլ իր փաստաթղթերի հարցերը լուծել է Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում։ Շատ ընտանիքներ նաև օգտվել են տարհանման հնարավորությունից, այդ տարածքներից դուրս են եկել կամ ամբողջական ընտանիքներով, կամ միայն երեխաները, կանայք ու ծերերը։ Նրանք հիմնականում Ռոստովի և Վորոնեժի մարզեր են տեղափոխվել»,- ասել է Ալեքսանյանը։

Վիճակագրական տվյալներ, թե ընդհանուր առմամբ Դոնբասից քանի հայ ընտանիք է տարհանվել, գրասենյակը չունի։